Մինսկի խմբի հայտարարությունը. Հայաստանի թանկ ժամանակը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 24-ին տարածած հայտարարությամբ կողմերին կոչ էին անում նախապատրաստվել առարկայական բանակցության՝ հերթական անգամ կոչ անելով ձեռնպահ մնալ լարվածությունից և ողջունելով այն հարաբերական անդորրը, որ հաստատվել է:
Մինսկի խմբի համանախագահների գործունեությունից դժգոհ է Ադրբեջանը, և այդ դժգոհությունը նոր չէ: Ադրբեջանցիները համարում են, որ Մինսկի խմբի համանախագահները ըստ էության այլ բան չեն անում, քան ստատուս-քվոյի պահպանումը: Եվ խոշոր հաշվով պետք է արձանագրել, որ Բաքուն այդ առումով իրավացի է: Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է Մինսկի խումբը ապահովում ստատուս-քվոն: Դա հայերի հանդեպ կողմնապահությունից ու սիրո՞ւց է, թե՞ պայմանավորված է ավելի քաղաքական կատեգորիաներով:
Մինչ այդ հարկ է, իհարկե, արձանագրել, որ քաղաքակրթական գործոնն այստեղ ունի իր դերը, ու երբ Ադրբեջանի ղեկավարությունը հերոսացնում է քնած հայ սպային կացնահարող իր Սաֆարովին, հերոսացնում ու պարգևատրում է քաղաքացիական բնակչություն խոշտանգողներին և զինվորի գլուխ կտրողներին, դա ամենևին անհետևանք չի անցնում միջազգային հանրության վերաբերմունքի ձևավորման իմաստով:
Բայց անշուշտ, քաղաքակրթականից բացի, կա և քաղաքականը, ու այստեղ առանցքայինն այն է, որ Հայաստանն իր վարքագծով, իր դիմադրողունակությամբ՝ անգամ նախկին մսխող համակարգի պայմաններում և առավել ևս՝ այժմ, երբ կա իրական պայքար համակարգային կոռուպցիայի և գանձագողության դեմ, մշտապես կարողացել է ապահովել մի նվազագույն շեմ, որի պարագայում եղել է հստակ՝ հնարավոր չէ փոխել ստատուս-քվո առանց լայնամասշտաբ ռեգիոնալ, ոչ թե երկկողմ, այլ ռեգիոնալ պատերազմի: Իսկ Կովկասում ռեգիոնալ պատերազմը լինելու է համաշխարհային մասշտաբի աղետ, և դա հասկանում են բոլորը: Ըստ այդմ՝ որպես գերակա խնդիր չի մնում այլ բան, քան ապահովել ստատուս-քվոն՝ որպես ռեգիոնալ պատերազմի զսպման նվազագույն խնդիր:
Մյուս կողմից, սակայն, կասկածից վեր է և այն, որ ստատուս-քվոյի փոփոխությունը չի բխում և ոչ մի ռեգիոնալ խաղացողի շահից՝ բացառությամբ Ադրբեջանի: Անգամ Թուրքիայի համար ստատուս-քվոյի փոփոխությունը, մեղմ ասած, հարց է, եթե հարցականի տակ է ամբողջական վերահսկողությունը Ադրբեջանի նկատմամբ: Այլ հարց է, որ ռեգիոնալ որևէ խաղացող դեմ չէր լինի միանձնյա ստանձնել որևէ բան փոխելու պատասխանատվություն: Բայց քանի որ չկա այդ միանձնյա պատասխանատվության, միանձնյա փոփոխության կարողությունը, ձևավորվում է փոխզսպման մի յուրօրինակ, բնական կոնսենսուս:
Այստեղ է գլխավորը՝ Հայաստանը պետք է առավելագույն արդյունավետությամբ օգտագործի այդ կոնսենսուսը ոչ միայն իրավիճակը պահելու, այլև ռազմավարական անվտանգության ժամանակային տարածություն հնարավորինս ձևավորելու համար, որ կոնսենսուսի որևէ խախտում Երևանի համար չդառնա ճակատագրական: Այլ կերպ ասած՝ Հայաստանի անվտանգային ցամաքային, աշխարհագրական մեծ գոտի-երաշխիքից բացի, անհրաժեշտ է ժամանակային անվտանգության երաշխիքային մեծ գոտի, քանի դեռ Մինսկի խմբի համանախագահներ՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երեք երկրները ունեն այդ կոնսենսուսը: Իսկ տեսանելի ապագայում այն կպահպանվի օբյեկտիվ իրողություններից ելնելով:
Հայաստանն այդ առումով ժամանակ ունի, բայց դրանից այն ավելի է թանկանում:
1in.am