Գրոսսին հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալի հետ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտռուղարն X-ում արած գրառման մեջ հայտնել է ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալի հետ հեռախոսազրույցի մասին։
Iran Press-ի հաղորդմամբ՝ Գրոսսին գրել է․ «Թեհրան կատարելիք իմ այցի նախօրեին, շատ տեղին և արդյունավետ զրույց եմ ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադիի հետ»։
Ավելի վաղ Գրոսսին հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել Իրանի 14-րդ կառավարության հետ՝ անվտանգության վերաբերյալ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։
Օգոստոսի վերջին կայացած Կառավարիչների խորհրդի նիստում, Գրոսսին հայտարարել էր․ «Իրանում կայացած ընտրություններից հետո ես նամակագրություն եմ ունեցել նախագահ Փեզեշքյանի հետ և ցանկություն հայտնել հանդիպել նրան Թեհրանում՝ գործակալության և Իրանի միջև երկխոսությունն ու համագործակցությունը վերսկսելու համար»։
Նշելով, որ ԻԻՀ նախագահը համաձայնել է հարմար առիթի դեպքում հանդիպել իր հետ, Գրոսսին հավելել էր, որ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում, ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։
Ավելի ուշ, Վիեննայում կայացած՝ ՄԱԳԱՏԷ-ի 68-րդ գլխավոր կոնֆերանսի շրջանակներում, Գրոսսին հանդիպեց Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, ինչից հետո հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկայում մեկնել Թեհրան՝ «կարևոր քաղաքական և տեխնիկական հանդիպումների համար»։
Իրանը, որն անվտանգության համաձայնագրերի շրջանակներում համագործակցում է Գործակալության հետ, ընդգծում է, որ երկու կողմերի փոխգործակցությունը պետք է ճանապարհ հարթի մնացած հարցերի լուծման համար և ապահովի «առաջ շարժվելու հնարավորություն՝ դեպի ավելի լավ արդյունքներ, որոնք կծառայեն գործակալության կանոնադրության մեջ նշված նպատակներին»։