Հունվար 14, 2021 17:32 Asia/Tehran
  • «Իզվեստիա». Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը ԼՂ. Գարեգին Բ

Ադրբեջանի հսկողության տակ անցած ԼՂ-ի (Արցախ) պատմամշակութային հուշարձաններն ու եկեղեցիները վտանգված են:

Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա խոսքով՝ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ, որոնք պետք է գնահատեն պատմամշակութային ժառանգության շուրջ ստեղծված վիճակը: Միեւնույն ժամանակ, կաթողիկոսի խոսքով, ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ ապահովելու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանությունը՝ ասել է Գարեգին Բ-ն: Նրա խոսքով՝ հուշարձանների պահպանության համար իրենք դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին եւ կառույցներին, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ այդ կառույցների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի անհապաղ գործողություններ ձեռնարկել հուշարձանների պահպանության հարցով:

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրում են՝ պատմամշակութային հուշարձանների պահպանումն ապահովելու համար: Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու գործում իր անձնական ներդրման համար:

«Իզվեստիա»-ն հարցումներ է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը եւ  ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պարզի, թե ինչ խոչընդոտներ են առաջացել պատմամշակութային ժառանգության հուշարձանների զննության համար։

Դեռեւս անցած տարվա դեկտեմբերին փորձագիտական ​​համայնքը քննարկել է հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ազգային տնտեսության եւ պետական ​​կառավարման ռուսական ակադեմիայի Հյուսիս-Արեւմուտքի ինստիտուտի կառավարման եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն:

«Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում կան համաշխարհային նշանակության շատ հայկական օբյեկտներ: Եվ միակ միջազգային կառույցը, որը կարող էր վերահսկել հուշարձանների պահպանությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Եվ այժմ մտահոգիչ է այն, որ Ադրբեջանն արգելում է փորձագետների մուտքը Ղարաբաղ: Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը բանակցություններում խաղում է տրետեյան դատավորի դեր: Մեր երկիրը կարող էր ստանձնել այս առաքելությունն ու լոբբինգ իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը թույլ տալու համար եւ հայկական կողմի հետ երկխոսություն սկսել ու նրանց որոշակի երաշխիքներ տալ»,-ասել է Վետրենկոն:

Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքական գործիչները, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել են, որ ԼՂ տարածքում եկեղեցիները չեն պատկանում հայերին: Ըստ Բաքվի պաշտոնական վարկածի՝ դրանք պատկանում են ուդիներին՝ կովկասյան ալբանների հետնորդներին, որոնք բնակվել են Ադրբեջանի մի քանի շրջաններում: Հայկական կողմը, իր հերթին, վիճարկում է այդ պահանջները:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ