Օգոստոս 25, 2021 17:14 Asia/Tehran
  • Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա կյանքի կոչմանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային եւ դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասել է Հայաստանի Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Լրատվամիջոցը  հետաքրքրվել է՝ ինչպե՞ս կմեկնաբանեն  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։

«Հարկ է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական  վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։

Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի  կողմից հայկական եկեղեցիների, մշակութային եւ կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման եւ վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական եւ մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության եւ պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի։

Թերեւս, մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տեւական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու եւ հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2020թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։

Հարկ է նշել, որ Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը եւ պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ.  Հաագայի կոնվենցիային եւ դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

Արցախի վտանգված մշակութային եւ կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու եւ վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը  կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին եւ հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը:

Հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ  եւ շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,– ի պատասխան ասել է Վահան Հունանյանը։

news.am

 

 

Պիտակ