Ադրբեջանական կողմից 3–րդ օր է՝ դադարեցված է Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը
Լեռնային Ղարաբաղում երրորդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լեռնային Ղառաբաղի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը։
Ադրբեջանական կողմը 9 օր խոչընդոտներ էր ստեղծում վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները իրականացնելու համար։ Եվ միայն մարտի 16–ին, Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն սկսել էր գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվել էին մարտի 19–ին։
3 օր անց՝ մարտի 21–ին, Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետեւանքով Լեռնային Ղարաբաղում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։