Մարտ 23, 2022 20:21 Asia/Tehran
  • ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի. ՀՀ փոխվարչապետ

ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային անվտանգության խնդրին։

«ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի։ Ավելի շատ այստեղ շարժերի, փոխանակումների և արտաքին կոնտուրը փակելու խնդիրն է քննարկվում»,– ասաց փոխվարչապետը` հիշեցնելով, որ բոլոր այդ հարցերն արդեն քննարկվել են մարտի 17-ին Մոսկվայում գումարված ԵԱՏՄ խորհրդի հերթական նիստում։

Գրիգորյանը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն` մինչև մարտի 25-ը իրականացնել ապրանքների փոխադարձ բալանսների հաշվարկ ու սահմանել այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ երկրների պարեկնային անվտանգությունն ապահովելու համար։

«Բայց, իհարկե, այդ քվոտային հոսքը կաշխատի միայն այն երկրների համար, որոնք արտաքին կոնտուրով արտահանման սահմանափակում կդնեն»,– ասաց նա։

Հիշեցնենք` մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ երկրներին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել ցորենի և մեսլինի (ցորենի ու տարեկանի խառնուրդ), գարու, եգիպտացորենի, արևածաղկի ձեթի և շաքարավազի արտադրության և սպառման տարեկան ծավալները՝ համապատասխան հաշվեկշիռներ ձևավորելու համար։

Քվոտաներ սահմանելու վերաբերյալ վերջնական որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի մարտի 25-ից հետո։

armeniasputnik.am

 

Պիտակ