Ադրբեջանի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը:
Պապիկյանն ասել է, որ Ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը` համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ:
Դեսպան Ռիխտերը հաստատել է, որ գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
armeniasputnik.am