Չի կարելի բացառել հայ-ադրբեջանական բանակցություններում փակուղին եւ ճգնաժամի սրումը․ Անդրեյ Սուշենցով
Պատերազմի ռիսկերը երբեք չի կարելի բացառել, դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։ Պատերազմը կարող է ելք դառնալ քաղաքական ճգնաժամի փակուղուց։ Այս մասին ապրիլի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուշենցովը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Առայժմ մենք տեսնում ենք դիվանագիտական գործընթաց, կողմերը հանդիպում են։ Ապրիլի 6-ին Բրյուսելում փորձ է արվելու ընդհանուր լեզու գտնել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ։
Ռուսաստանը կողջուներ խաղաղության պայմանագրի կնքումը։ Մոսկվան հույս ունի, որ շահերի հավասարակշռություն ձեռք կբերվի։
Ռուսաստանը շահագրգռված է նաեւ, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, երկու կողմից (Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից- խմբ.) շրջափակումից, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Մոսկվայի համար հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմք է ստեղծում նաեւ Կովկասում կայուն իրավիճակի ձեւավորման համար։
Սակայն չի կարելի բացառել, որ բանակցությունները կարող են փակուղի մտնել, իսկ այդ փակուղուց դուրս գալը կարող է սրել ճգնաժամը»,- հավելեց քաղաքագետը։
Նա կարծիք հայտնեց, որ Ղարաբաղում վերջին սրումը կարելի է գնահատել թե՛ որպես բանակցությունների նախօրեին քայլ, թե՛ որպես հնարավոր էսկալացիայի «առաջին ծիծեռնակ»։
«Բաքուն Հայաստանի ղեկավարությանը մղում է ավելի ակտիվ բանակցությունների խաղաղության պայմանագրի շուրջ։
Ադրբեջանական հասարակությունն Ալիեւից պահանջում է ավելի ակտիվ, հարձակողական գիծ՝ համարելով, որ «հաղթանակը գողացվել է», որ հակամարտության վերջին սրման (44-օրյա պատերազմ-խմբ.) արդյունքում Ադրբեջանի շահերը լիովին չեն բավարարվել։
Այս ամենը միասին ներքին լարվածություն է ստեղծում ադրբեջանական հասարակության մեջ»,- ընդգծեց Անդրեյ Սուշենցովը։
news.am