Արցախի հիմնահարցը որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա. հայտարարություն
ՀՀ մի խումբ մտավորականներ, արվեստի գործիչներ ու նախկին պաշտոնյաներ հանդես են եկել հայտարարությամբ, որին միանալու կոչով դիմել են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մտահոգ շրջանակներին։
Հայտարարության մեջ մատնանշված են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում առավել ցայտուն դրսևորված խնդիրները։
Դրանք են՝
Արցախի հիմնահարցը, որի հիմքում ընկած է միջազգայնորեն ամրագրված ազգերի ինքնորոշման և իր ճակատագիրը տնօրինելու հիմնարար իրավունքը, ոչ մի պարագայում, որևէ պատճառաբանությամբ կամ որևէ մեկի կողմից չի կարող դառնալ սակարկման առարկա։ Արցախի Հանրապետության ճակատագիրը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայության միասնական իրավունքների և պատասխանտվության տիրույթում է։
Արցախի Հանրապետության կարգավիճակը, ներառյալ Հադրութի և Շուշիի շրջանները, Հայաստանի և Արցախի միջև անխափան և ազատ հաղորդակցությունը, հայերի վերադարձն իրենց մշտական բնակության վայրերը, արցախահայության անվտանգությունը և ռուսական խաղաղապահ առաքելության հետ մշտական աշխատանքը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
Արցախի անվտանգության երաշխավոր կարող են լինել միայն ժամանակակից և մարտունակ Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Արցախի անվտանգության հետ։
Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցային գործընթացում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն անսակարկելի է։ Հայ-թուրքական երկխոսության արդյունավետությունը չի կարող պայմանավորված լինել Արցախի կարգավիճակի և Արցախում անվտանգության խնդիրների վերջնական լուծման հետ։
«Այս փուլում, երբ վերոհիշյալ հիմնահարցերը լուծված չեն, մեզ համար անընդունելի են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները մեր հասարակությանն ու Սփյուռքին ներկայացնելու սին փաստարկները և քարոզչությունը, կասկածելի են դրանց ճշմարտացիությունն ու անկեղծությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները կոչ են անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և բարձրաձայնել համազգային անհամաձայնությունը Հայաստանի և Արցախի համար սպառնալից ցանկացած դրսևորման հետ և ոտքի կանգնել պաշտպանելու ազգային-պետական շահերն ու արժանապատվությունը։
armeniasputnik.am