Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն անհնար են․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i170716-Արցախից_ծածուկ_ԼՂ_հիմնախնդրի_կարգավորման_բանակցություններն_անհնար_են_Փաշինյան
Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները անհնար և անտրամաբանական են։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2022 08:43 Asia/Tehran
  • Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններն անհնար են․ Փաշինյան

Արցախից ծածուկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները անհնար և անտրամաբանական են։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։

ՀՀ վարչապետը ապրիլի 29-ին ընդունել է Արցախի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ–ի և Արցախի իշխանությունները մշտապես կոորդինացրել են իրենց գործողությունները ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո։

«Կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին, այս սկզբունքը պահվել է միշտ և շարունակվելու է այդպես լինել», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը։

«Հետևաբար, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է: Նման բան երևակայելը անհնար է: Սա է պատճառը, որ մենք մշտապես կապի մեջ ենք»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ արցախցիներն ապրեն Արցախում, և Փաշինյանը մտադիր է հետևողականորեն հասնել անվտանգության ու խաղաղության կայուն երաշխիքների:

armeniasputnik.am