Մայիս 16, 2016 17:29 Asia/Tehran
  •   ՀՀ  նախագահը  Վիեննայում կհանդիպի Մոգերինիի և Ջոն Քերիի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում մայիսի 16-ին հանդիպում կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Մոգերինին: «Այսօր երեկոյան հանդիպումներ կունենամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ»,- նշել է Մոգերինին:

«Արմենիա» հեռուստաընկերության հաղորդմամբ` Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է Վիեննա: Մայիսի 16-ին նախագահ Սարգսյանը կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումների:

Վիեննայում են նաև համանախագահող մյուս երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: ՄԽ համանախագահները մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել` նշելով. «Վերջին բռնությունների և շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության լույսի ներքո մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի և սկզբունքների վրա»:

Պիտակ