Մայիս 18, 2022 15:19 Asia/Tehran
  • Հայաստանը ԵԱՏՄ -ից դեռ չի ստացել իր գումարը. ԵԱՏՄ եկամուտները նվազել են

Հայաստանն այս տարի դեռ չի ստացել ԵԱՏՄ–ի ընդհանուր բյուջեից իրեն հասանելիք շուրջ 10 մլրդ դրամ գումարը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Դեռ չի վճարվել, բայց, բնականաբար, վճարվելու է։ Անդամ երկրները որոշակի մեխանիզմների շուրջ քննարկում են ունեցել և վերջնական ղեկավարների մակարդակով պետք է հաստատվեն դրանց արդյունքները, որ փոխանցվի»,–ասաց նա։

Հիշեցնենք` խնդիրն ի հայտ էր եկել ռուս–ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած լոգիստիկ հարցերի պատճառով, որոնց հետևանքով խոչընդոտներ էին առաջացել ԵԱՏՄ շրջանակներում միջպետական փոխանցումների հատվածում։ Ավելի կոնկրետ` Ռուսաստանի ու Բելառուսի դեմ սահմանված սահմանափակումները դոլարային այս փոխանցումներն անհնարին են դարձրել։

Այդուհանդերձ, Բադասյանը համոզմունք հայտնեց, որ փոխանցումների խնդիրն առաջիկայում կլուծվի, ու Հայաստանը կստանա իրեն հասանելիք գումարը։

Նշենք, որ մարտին Հայաստանին չփոխանցված գումարը շուրջ 6 մլրդ դրամ էր կազմում։ Այսինքն` ապրիլին դրան ավելացել է ևս շուրջ 4 մլրդ դրամ։

ՊԵԿ նախագահն այս նվազումը մեկնաբանեց ԵԱՏՄ ընդհանուր մաքսային եկամուտների նվազմամբ։

«Տնտեսական տարբեր իրավիճակներով պայմանավորված` ընդհանուր կաթսայի եկամուտներն են նվազել։ Հայաստանի մասնաբաժինը մարտ–ապրիլ ամիսներով մոտավորապես 10 մլրդ–ի շրջանակում է»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 31-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս խնդրի շուրջ հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից գումարների փոխանցման հարցում տեխնիկական հարցեր են առաջացել, որոնք առաջիկայում կշտկվեն։

Բանն այն է, որ ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից գանձված մաքսատուրքերի, գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության։

Խնդիրը լուծելու համար մարտի 18-ին Մոսկվայում գումարված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում առաջարկ էր եղել անցնել մասնակի ռուբլով փոխանցումների տարբերակին։ Ըստ առաջարկված տարբերակի` ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը հնարավոր է շարունակեն փոխանցել դոլարով։ Իսկ Բելառուսն ու Ռուսաստանը անցնեն ռուբլով փոխանցման։ Մեկ այլ տարբերակի համաձայն` ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին առաջարկվել է անցնել ռուբլով փոխանցումներ կատարելուն։

armeniasputnik.am

Պիտակ