Հոկտեմբեր 02, 2022 18:18 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի ավերապահ պահպանման հրամայականը:

Նախարար Միրզոյանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և իրականացրած պատերազմական հանցագործությունները, մասնավորապես` խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, հայ ռազմագերիների անմարդկային խոշտանգումներն ու արտադատական սպանությունները, և շեշտել, որ մեղավորները պետք է համարժեք պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավելի վաղ արձագանքել էր Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Եվրոպացի պաշտոնյան իր Twitter-ում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հայտնված կադրերը սարսափելի է անվանել։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

ՔԿ–ն սեպտեմբերի 30–ին հայտնեց, որ Հայաստանի դեմ ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197–ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։ Գերիների թիվ նշվում է 20-ը։

armeniasputnik.am

Պիտակ