Հոկտեմբեր 08, 2022 10:05 Asia/Tehran
  • ԵՄ առաքելությունը գործելու է ՀՀ տարածքում, Ադրբեջանի համաձայնության հարց չկա. ԱԳՆ

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում:

Այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` պատասխանելով «Արմենպրես» գործակալության հարցերին։

«Հաշվի առնելով նշյալը` պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ»,– նշել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես»,– ընդգծել է Հունանյանը։

ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է Հայաստանի համար, ինչի մասին բազմիցս ասվել է։

«Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ»,– ասել է նա։                                                                                          

Հունանյանի խոսքով` Հայաստանը, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ։

armeniasputnik.am

Պիտակ