Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i191590-Նիկոլ_Փաշինյանը_Լաչինի_միջանցքի_թեման_քննարկել_է_ՆԱՏՕ_ի_ներկայացուցչի_հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2023 16:05 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ։ Նա իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։

Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am