Հունվար 29, 2023 19:41 Asia/Tehran
  • Փաշինյանը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամից դուրս գալու համար տարվող քայլերից:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Վարչապետն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման մասին հայտնել է նաև Փաշինյանը` «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ հրապարակելով, որտեղ կառավարության շենքի դիմաց դիմավորում է Ալ–Սիսիին, ապա ներսում տեղի է ունենում նրանց երկկողմ հանդիպումը։

Փաշինյանը հանդիպման ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այնտեղի ժողովրդի նկատմամբ։

«Հույս ունեմ, որ այցի արդյունքներով տնտեսական հարաբերությունները կակտիվանան»,– ասել ՀՀ վարչապետը։

«Շնորհակալ եմ նաև այն դինամիկ զարգացման համար, որն ապահովվում է մեր երկու երկրի միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Կարող ենք արձանագրել, որ և՛ Հայաստանի ու Եգիպտոսի ղեկավարների, և՛ ժողովուրդների մակարդակով կա փոխադարձ վստահություն։ Սա մեզ հնարավորություն է տալիս էլ՛ ավելի հեռանկարային զարգացում ապահովել 2 երկրների հարաբերություններում։ Խոսքը բոլոր ոլորտների մասին է` տնտեսական, մշակութային, զբոսաշրջային, ներդրումային և այլն»,– ասել է Եգիպտոսի նախագահը։

Եգիպտոսի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է 2 պետության կառավարությունների միջև համագործակցության գործուն քայլեր իրականացնել ու միջկառավարական հանձնաժողովի նիստեր գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։

Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ավելի վաղ հանդիպել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Երկու երկրի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման մի շարք հուշագրեր։

armeniasputnik.am

Պիտակ