Ի՞նչ է պետք անել Հայոց ցեղասպանության կրկնությունը բացառելու համար. Փաշինյանի ուղերձը
(last modified Mon, 24 Apr 2023 15:04:37 GMT )
Ապրիլ 24, 2023 18:34 Asia/Tehran
  • Ի՞նչ է պետք անել Հայոց ցեղասպանության կրկնությունը բացառելու համար. Փաշինյանի ուղերձը

Հայոց ցեղասպանության կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների ընկալումներից։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում։

«Ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները: Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Ինչ վերաբերվում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից»,– նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով` միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ:

«Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է` արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն»,– եզրափակել է Փաշինյանը:

Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։

armeniasputnik.am