Ինչո՞ւ են շիկացել կրքերը Սյունիքի շուրջ. փորձագետը` Արևմուտքի շտապողականության մասին
Կապանում ԵՄ նոր գրասենյակի հիմնումը և ընդհանրապես այդտեղ Արևմուտքի ակտիվությունը ծառայում է մեկ նպատակի` տարածաշրջանից` մասնավորապես Սյունիքից, Ռուսաստանին և Իրանի դուրս մղելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում օգոստոսի 2-ին բացվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ։ ԵՄ–ից հույս են հայտնել, որ բացումը դրական կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա, որի ուղղությամբ իրենք ջանքեր են գործադրում։
Ըստ փորձագետի` ԵՄ բոլոր գրասենյակները հետախուզական կառույցներ են, իսկ ԵՄ դիտորդների նպատակն ամենևին էլ խաղաղության գործընթացը չէ։ Իսկ Սյունիքի ընտրությունը պատահական չէ. այն հավաքական Արևմուտքի համար ստրատեգիական նշանակություն ունի։
«Նրանք ոչ միայն գրասենյակներ են բացում այնտեղ, այլ նաև իբրև փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար խոշոր` 100 միլիոն դոլարից ավելի գումարներ է ներդնում։ Այսինքն` բնակչությանը փորձում են գնել այդ գումարներով։ Պատճառը պարզ է. Սյունիքը նաև ՌԴ–ի համար է ստրատեգիական նշանակություն ունեցող, «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4 ճյուղերից մեկը անցնում է Սյունիքով, իսկ Արևմուտքի նպատակն է ցանկացած ճյուղ կտրելը»,–ասաց Նահապետյանը։
Փորձագետը պարզաբանում է` «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի միջոցով Ռուսաստանի դաշնության համար 4 անգամ կրճատվում է ճանապարհը Իրանով Հնդկաստան հասնելու։ Եվրոպան մտադրություն ունի Սյունիքով անցնող այդ ճյուղը փակելու, դրա համար էլ այնտեղ գրասենյակներ է բացում, ԵՄ դիտորդներ տեղակայում և մեծ գումարներ ներդնում, որպեսզի իր ծրագրերը կյանքի կոչվեն։
«Մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանը, այո, Ռուսաստանի համար ոչ միայն ռազմավարական դաշնակից է, այլև մեր տարածքն է Ռուսաստանի շահերի սպասարկման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող, և դա այն հատվածն է, որի անունն է Սյունիք։ Դրա համար էլ Սյունիքում Արևմուտքն առավելագույնս ակտիվանում է»,–ասաց նա։
Ի դեպ, զրուցակիցը պատահական չի համարում, որ ԵՄ–ն Սյունիքում նոր գրասենյակ բացեց ՌԴ–ի կողմից հյուպատոսություն բացելու վերաբերյալ հայտարարությունից հետո։
Անցյալ տարի հոկտեմբերին Կապանում հյուպատոսություն էր բացել Իրանի Իսլամական հանրապետությունը։
«Արևմուտքն անում է ամեն ինչ` առավելագույն կերպով ՌԴ–ին և Իրանի տարածաշրջանից, մասնավորապես` Հայաստանից (և առաջին հերթին Սյունիքից) դուրս մղելու, դա հասկանում են Իրանը և Ռուսաստանը, դրա համար կրքերը շիկացել են Սյունիք շուրջ»,–ընդգծեց փորձագետը։
Ինչ վերաբերում է Արևմուտք–Ռուսաստան այս «հակամարտությունում» Հայաստանի դիրքավորմանը` Նահապետյանը կարծում է, որ Հայաստանն ուղղակիորեն սպասարկում է Արևմուտքի ազգային-պետական շահերը, մասնավորապես` Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների։ Այդ պատճառով էլ մերժում է այստեղ ՀԱՊԿ խաղաղապահներ բերելու` ռուսական կողմի առաջարկները (ինչի մասին պարբերաբար հիշեցնում են ԱԳ նախարարության մակադրակով)։
armeniasputnik.am