Դեկտեմբեր 06, 2023 19:43 Asia/Tehran
  • Հայաստանն     կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից. հուշագիր կստորագրվի

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ոլորտային համագործակցության հուշագիր ստորագրել, որը հայկական կողմին թույլ կտա օգտվել իրանական նավահանգիստներից։

Հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցերը Թեհրանում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆային։

«Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ապահովել իրանական նավահանգիստներից օգտվելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ-իրանական հարաբերությունները, բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։

Ներկա պահին Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ մեկտեղ Հայաստանն աշխատում է մուլտիմոդալ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակով Երևանը հայտարարել է «Չաբահարում» տարածքներ վարձակալելու և ներդրումների դիմաց «Չաբահար» նավահանգստում օպերատոր դառնալու մտադրության մասին։

 

Պիտակ