Մարտ 27, 2024 18:14 Asia/Tehran
  • ՀՍՖ նախագահ․ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցելու Երեւանում անցկացվելիք աշխարհի գավաթին

Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցելու Երեւանում անցկացվելիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ երկրներից մասնակցության հայտեր չենք ստացել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Ապրիլի 4-5-ը Երեւանում կացնակցվի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն:

«Հայաստանն աշխարհի գավաթի մրցաշարն անցկացնելու մշտական իրավունք է ստացել՝  հիմնելով այն փաստի վրա, որ 2022 եւ 2023 թվականներին մենք անցկացրել ենք երիտասարդների եւ մեծահասակների աշխարհի առաջնությունները:

Ուշադրությունը դեպի Հայաստան բավական բարձր է: Մեր ցուցանիշները նույնպես բարձր են: Վստահ ենք, որ այս տարի սամբիստները միջազգային հարթակներից կբերեն շատ մեդալներ:

Թիմը պատրաստ է աշխարհի գավաթին: Մեզ համար սա մեծ ստուգատես է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ:

Յուրաքանչյուր քաշային կարգում ունենալու ենք երկուական մարզիկ: Արցախից բռնի տեղահանված մարզիկները մասնակցության քվոտա են ստացել, քանի որ նրանք ունեն փախստականի կարգավիճակ: Նրանք կմասնակեն փախստականների հավաքականի կազմում:

Երկու թիմով ենք մասնակցելու՝ մարտական եւ սպորտային սամբո: Արդյունքները պետք է լինեն դրական: Վտահ եմ, որ ունենալու ենք ոսկե մեդալներ»,- ասաց Միքայել Հայրապետյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանի խոսքով աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով որոշվելու է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը:

«Հավաքականում ունենք շատ տիտղոսակիր տղաներ: Առնվազն քաշային կարգերում սպասում ենք չեմպիոնի կոչմանը: Մեզ համար աշխարհի գավաթի մրցաշարը կլինի նախընտրական փուլ, քանի որ հավաքականը պատրաստվում է մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Մեզ հնարավորություն է ընձեռնվել՝ ստուգել մարզիկներին Եվրոպայի առաջնությունից առաջ: Պատերազմից հետո մեր տղաներն ավելի ոգեւորված են, նրանց մոտ անձի ինքնությունն է խոսում, ավելի լավ են տրամադրված: Հուսամ՝ լավ արդյունքներ կունենանք Երեւանում»,- ասաց Վովիկ Խոջոյանը:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան չէին հայտավորվել, Ռուսաստանն ու Ուկրաինան մասնակցելու են:

«Ունենք մեծ պատվիրակություն Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Սա առաջին միջոցառումն է, որ 40-ից ավել մարզիկներ յուրաքանչյուր երկրից ժամանելու են Հայաստան: Անվտանգության նկատառումներից ելնելով պատվիրակությունները տեղակայվելու են տարբեր վայրերում: Ինչ վերաբերում է հարեւան երկրներին՝ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցելու:

Մասնակցելու է 17 երկրի շուրջ 300 սամբիստ: Պայքարելու են 26 քաշային կարգերում՝ տղամարդիկ 7 քաշային կարգ, նույնքան կանայք, մարտական սամբո՝ տղամարդիկ 7 քաշային կարգ, կանայք՝ 5 քաշային կարգ»,- նշեց Միքայել Հայրապետյանը:

 

Պիտակ