Ես չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան
(last modified 2024-10-21T08:23:34+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 11:53 Asia/Tehran
  • Ես չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն էլ ընթանում է:

«Ուղղակի չգիտեմ՝ ո՞ր փուլում է Ադրբեջանում այդ գործընթացը, բայց ստորագրման պահին ստորագրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն պետք է լինի»,-այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Ադրբեջանը այդ կանոնակարգը չի վարերացնի, նա պատասխանեց. «Ես չունեմ նման մտավախություն: Չեմ կարծում, որ կձգձգեն»:

Անդրադառնալով նրան, որ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում, փոխվարչապետն ասաց. «Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս: Մինչեւ այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումներ շարունակելն ուղղակի իմաստ չունի»:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն է տվել այդ կանոնակարգին, իսկ ՍԴ-ն այն համարել է Սահմանադրությանը չհակասող՝ ընդգծելով, որ ՀՀ անկախության հռչակագիրը Սահմանադրության մաս չէ, թեեւ Սահմանադրությունում հղում կա Անկախության հռչակագրին:

news.am