Վրաստանում այնուամենայնիվ ուզում են հասնել Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտին
(last modified 2024-10-21T14:44:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 18:14 Asia/Tehran
  • Վրաստանում այնուամենայնիվ ուզում են հասնել Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտին

Վրաստանի խորհրդարանը մտադիր է հասնել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականին իմպիչմենտի միջոցով։ Խորհրդարանական մեծամասնության պատգամավորները 81 ստորագրություն են հավաքել երկրի Սահմանադրական դատարան ներկայացվող նոր հայցի համար։ Հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Վրաստանի առաջնորդը խախտել է երկրի Սահմանադրության 52-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետության ղեկավարն արտասահմանում ներկայացուցչական լիազորություններ պետք է իրականացնի կառավարության թույլտվությամբ:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հայցը Սահմանադրական դատարան կուղարկվի առաջիկա ժամերին։Եթե ՍԴ-ն որոշում ընդունի, որով կհաստատվի նախագահի կողմից Սահմանադրության խախտման փաստը, ապա խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է նախագահ Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Զուրաբիշվիլին պետք է պաշտոնը թողնի ոչ թե որպես նախկին, այլ որպես պաշտոնաթող նախագահ։

Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլիի իմպիչմենտը խորհրդանշական բնույթ կկրի, քանի որ դեկտեմբերին լրանում է նրա նախագահական ժամկետը։

«Նախագահի նոր թեկնածուի հետ կապված քննարկումը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում տեղի կունենա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո», - ասել է վարչապետը։

Անցյալ տարվա հոկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունն արդեն սկսել էր Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացը, սակայն քվեարկության ժամանակ այն ձախողվեց ձայների անբավարարության պատճառով։

Sputnik.