ԱՄՆ–ի ցանկացած նախագահ ձգտելու է ՌԴ–ին զսպել հետխորհրդային երկրների միջոցով. Այվազյան
(last modified 2024-10-21T13:06:33+00:00 )
Հոկտեմբեր 21, 2024 16:36 Asia/Tehran
  • ԱՄՆ–ի ցանկացած նախագահ ձգտելու է ՌԴ–ին զսպել հետխորհրդային երկրների միջոցով. Այվազյան

Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ–ի նախագահը, նրա նպատակը կլինի Ռուսաստանին վնաս հասցնելն ու զսպելը, այդ թվում` հետխորհրդային երկրների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու միջոցով։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

«Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը, նա կջանա պահպանել համաշխարհային միաբևեռ կառավարման մոդելը և խանգարել բազմաբևեռ աշխարհի կայացմանը։ Իսկ քանի որ բազմաբևեռ աշխարհի ձևավորման շարժիչ ուժը Ռուսաստանն է, ԱՄՆ–ի ցանկացած նախագահ ձգտելու է վնասել և զսպել Ռուսաստանին, այդ թվում` նաև հետխորհրդային տարածքի երկրների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելով», – ասել է Այվազյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ ընտրություններն ազդում են ԽՍՀՄ նախկին երկրներում իրականացվող նախագծերի ֆինանսավորման վրա։

Նրա խոսքով` եթե նույնիսկ Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում նվազի Մոլդովայում, Հայաստանում և Վրաստանում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը, կնշանակի, որ ԱՄՆ–ն պարզապես փոխել է մարտավարությունը, սակայն Վաշինգտոնի նպատակներն անփոփոխ կմնան։

«Այսինքն` ԱՄՆ–ն ցանկացած նախագահի պարագայում մշտապես ձգտելու է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել` այդ ճանապարհին ցանկացած երկիր զոհաբերելով։ Մենք` հետխորհրդային տարածքի փոքր երկրներս, պետք է հույս դնենք ոչ թե ԱՄՆ–ի ընտրությունների արդյունքների վրա, այլ խորացնենք և ամրապնդենք հարաբերությունները Ռուսաստանի հետ և առավել ակտիվ ներդրում կատարենք ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործում», – ասել է Այվազյանը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են անցկացվելու նոյեմբերի 5-ին։ Ժողովրդավարական կուսակցությունն այդ ընտրություններին ներկայացնելու է փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական կուսակցությունը` նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Sputnik.