Մեկնաբանություն - Ընդգծվել է Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
(last modified Fri, 08 Nov 2024 13:35:44 GMT )
Նոյեմբեր 08, 2024 17:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ընդգծվել է Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Հայաստանում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունում է երկրի ջանքերը՝ ուղղված իր հարևանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելուն։

Կապան քաղաքում կայացած՝ «Հայաստան-Իրան. համագործակցություն և նոր հորիզոններ» համաժողովում ունեցած ելույթում,  Մեհդի Սոբհանին ասել է․ «Ընդգծելով Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում իր սկզբունքային դիրքորոշումներն Իրանը ողջունում է այս երկրի ջանքերը՝ բարեկամական հարաբերություններ հաստատելու իր հարևան երկրների հետ և պատրաստ է պաշտոնական Երևանին օգնել այդ հարցում»։ 

Դեսպան Սոբհանին նշել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ցանկացած խոչընդոտի վերացում պետք է հիմնված լինի երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և վերահսկողության վրա։
Իրանը մշտապես ողջունել է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ընդգծել, որ երկրների ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը տարածաշրջանի կայուն խաղաղության հիմքն է։

Թեհրանը ողջունում է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները և ընդգծում, որ երկու երկրների միջև լարվածությունն ու հակամարտությունները կարող են անցանկալի հետևանքներ ունենալ  տարածաշրջանի  համար։

Իսկ տարածաշրջւանից դուրս գտնվող երկրները, որոնք վարում են տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները սրելու քաղաքականություն, անկասկած ապահովում են միայն սեփական շահերը։ 

Հայաստանը ցանկություն ունի կնքել Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը՝ տարածաշրջանում կայունություն և մշտական անվտանգություն հաստատելու և զարգացման ծրագրերի իրականացման հնարավորություն ընձեռելու համար։

Իրանը Հայաստանի հետ սահմանը համարում է բարեկամության սահման և հաստատակամ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ երկկողմ առևտրաշրջանառությունը և քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն ընդլայնելու  համար։ Քանի որ երկու երկրները փոխլրացնում են միմյանց առևտրային, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում։ Այդ շրջանակներում, այս տարի, երկու երկրների պաշտոնյաների ներկայությամբ, Հայաստանում, որը համարվում է դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն, բացվեց Իրանի առևտր կենտրոնը։

Կենտրոնի բացման արարողությանը ներկա Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբեկը նշել է, որ ԻԻՀ առաջնահերթություններից է հարևանների, հատկապես Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։

Նախարարը հավելել է․ «Հայաստանի հետ քաղաքական և տնտեսական լավ հարաբերություններն իսլամական հանրապետությանը հնարավորություն են տալիս  Հայաստանը ընդունել որպես Իրանի դարպաս դեպի ԵԱՏՄ, և դա կարող է դառնալ երկու երկրների տնտեսության խթանման սկիզբը»։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև հաստատվել են սերտ առևտրային, տնտեսական և քաղաքական հարաբերություններ։

Նա նշել է․ «Երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա։ Անցած տարի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է ավելի քան 700 միլիոն դոլարի, սակայն կողմերը փորձում են այդ ցուցանիշը հասցնել 1, ապա՝ 3 միլիարդ դոլարի»։

Հաշվի աառնելով երկկողմ առևտրի ծավալների աճը և երկկողմ առևտուրը 3 միլիորդ դոլարի հասցնելու ծրագիրը, Իրանը ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ սահմանային կամուրջը, ինչպես նաև կառուցել Հյուսիս-Հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածը, քանի որ ճանապարհորդության ժամանակի կրճատմամբ կարելի է դյուրացնել  երկու երկրների միջև ապրանքների և ուղևորների տեղափոխումը։