ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահին
(last modified Wed, 14 Dec 2016 15:05:05 GMT )
Դեկտեմբեր 14, 2016 18:35 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն  ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ կընթանան կառուցողական հունով և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ջանքերն այդ նպատակով:

Ֆրանսիացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահի Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և հավաստիացրել, որ նոր պաշտոնում կաշխատի ջանասիրաբար՝ բոլոր դժվարությունները և խնդրի կարևորությունը գիտակցելով, քանի որ այն վերաբերում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:

1in.am

 

Պիտակ