ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկում է անցկացրել. այն վերջինն է այս տարի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 21-ին անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի այս տարվա վերջին դիտարկումը:
Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից, այն անցկացվել է Տավուշի մարզի Բերդավան և ադրբեջանական Քեմեռլի գյուղերի մերձակայքում:
Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը, Պետեր Սվերդբերգը և Գենադի Պետրիցան, պաշտպանության նախարարության և 3-րդ բանակային զորամիավորման ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ներկայումս Տավուշի սահմանամերձ հատվածներում տիրող իրավիճակը:
Ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության և սահմանամերձ ավտոճանապարհների ուղղությամբ արձանագրված կրակոցներին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ներկայացված տվյալների համար, նշել են, որ դրանք կներառեն իրենց ամփոփիչ զեկույցներում: Այնուհետև, տեղափոխվելով սահմանագիծ և 2 կողմից էլ չկրակելու երաշխիքներ ստանալով՝ որոշակի հեռավորության վրա անցկացվել է սահմանային դիտարկումը: Դիտարկման ընթացքում զինադադարի խախտման որևէ դեպք չի արձանագրվել:
1in.am