Զանիերը և Նալբանդյանը կարևորել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։
Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Երկուստեք բարձր գնահատելով Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը՝ զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի աշխատանքը։
Armenpress.am