ՀՀ ԱԳ նախարարը և ՄԽ համանախագահները շեշտել են Վիեննայի և Սանկտ- Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։
Զրուցակիցները շեշտեցին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
armenpress.am