ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան
(last modified Fri, 09 Jun 2017 08:00:09 GMT )
Հունիս 09, 2017 12:30 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին կայցելեն Հայաստան, այս մասին հինգշաբթի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, այցի շրջանակում համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ։

 «Նրանք մտադիր են հստակեցնել իրավիճակը հակամարտության գոտում, ծրագրվում է ղարաբաղյան հարցի կարգավորման արդիական խնդիրների քննարկում`հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,–ասել է Զախարովան։   

Նա ընդգծել է, որ այցի շրջանակում նախատեսվում է նաև համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ։

«Մեկ շաբաթ անց եռյակը պետք է մեկնի Բաքու, իսկ տարածաշրջան այցի արդյունքում ԵԱՀԿ–ի կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,– ասել է Զախարովան։

Նշելի է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

newsarmenia.am                     

 

Պիտակ