Ապրիլ 12, 2024 17:03 Asia/Tehran
  • Տարածաշրջանի վերջին զարգացումներն են եղել Անգլիայի և Ավստրալիայի ԱԳ նախարարների հետ Ամիրաբդոլլահյանի հեռախոսազրույցի առանցքը

Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի և Ավստրալիայի ԱԳ նախարարների հետ՝ տարածաշրջանում և Գազայի հատվածում վերջին զարգացումների վերաբերյալ։

Ըստ IranPress լրատվական գործակալության, Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանի վերջին զարգացումների և երկու երկրների հարաբերությունների շուրջ։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններում որոշ առաջընթաց ունեցող զարգացումներին՝ կողմերը ցանկություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա իսրայելական ռեժիմի օդային հարձակման առնչությամբ Ամիրաբդոլլահյանը քննադատել է Բրիտանիայի անգործությունը՝ այդ գործողությունը դատապարտելու հարցում։

Ընդգծելով Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը՝ որպես խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելու միակ արդյունավետ միջոց, Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել լարվածություն զարգացնել տարածաշրջանում, բայց մյուս կողմից՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի ռեժիմի ահաբեկչական հարձակումը և Միացյալ Նահանգների ու Անգլիայի լռությունը նշանակում է խրախուսել Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ տարածաշրջանում պատերազմ հրահրելու և դրա զարգացումը շարունակելու համար։

Ամիրաբդուլլահյանը հավելեց, որ Ճգնաժամի արմատը ոչ թե Կարմիր ծովում է, այլ Գազայում ցեղասպանության մեջ:

Այս հեռախոսազրույցում Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը, անդրադառնալով տարածաշրջանում առկա լարվածությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը զսպվածության կոչ է արել և ընդգծել, որ կողմերի զսպվածության բացակայությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում հակամարտությունների ընդլայնմանը։

Քեմերոնը մտահոգություն է հայտնել Կարմիր ծովում լարվածության շարունակման կապակցությամբ և հավելել, որ Պաղեստինի հարցում Ամերիկան ​​հրադադարի ծրագիր է ներկայացրել, որի շնորհիվ, մյուս կողմի համաձայնության դեպքում հրադադարը հասանելի կլինի։

Այս կապակցությամբ հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի և Ավստրալիայի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիրաբդոլլահյանը և Պենի Վոնգը և մտքեր են փոխանակել տարածաշրջանի վերջին զարգացումների, հատկապես Պաղեստինի իրավիճակի և երկկողմ հարաբերությունների շուրջ։

Ընդգծելով երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդատվական մեխանիզմների ամրապնդման կարևորությունը՝ Ամիրաբդոլլահյանն ընդգծել է Թեհրանի և Կանբերայի միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման գործընթացում առկա խոչընդոտները վերացնելու համատեղ ջանքերը։

Իր ափսոսանքը հայտնելով, Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որ չի բավարարել Իրանի խնդրանքը՝ Իսրայելի ռեժիմի ահաբեկչական հանցագործությունը՝ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա հարձակումը դատապարտելու համար, և  հավելել, որ որոշ արևմտյան պետություններ խուսափեցին դատապարտել այս ահաբեկչական գործողությունը, որը միջազգային իրավունքի և միջազգային կոնվենցիաների ակնհայտ խախտում է, և շարունակելով աջակցությունը սիոնիստների հանցագործություններին, միայն Իրանին են զսպվածության կոչ անում։

Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է Իսրայելի ռեժիմի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու Գազայում պատերազմն ու ցեղասպանությունը և պաղեստինցի ժողովրդին սովի մատնելու գործողությունը:

Այս հեռախոսազրույցում Ավստրալիայի արտգործնախարարը, ընդգծելով, որ հասկանում է Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունը Դամասկոսում դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա հարձակման առնչությամբ, Իրանին զսպվածության կոչ է արել։

Ավստրալական կողմը նաև մտահոգություն է հայտնել լարվածության մեծացման, փոխադարձ քայլերի և պատերազմի շրջանակների ընդլայնման առնչությամբ, որոնք կարող են ունենալ անվերահսկելի և տարածաշրջանի երկրների համբերությունից դուրս հետևանքներ։

 

Պիտակ