Հունվար 04, 2019 10:41 Asia/Tehran
  • Իրանի հրթիռային կարողությունն ԱՄՆ-ի կամքին ենթակա չէ

Գիտական առաջադիմության ուղղությամբ ԻԻՀ շարժումը և այդ թվում արբանյակ փոխադրող սարքերի տիեզերք գործուղումն ու հրթիռային կարողության ընդլայնումը, կրկին արժանացել են ամերիկացի պետայրերի արձագանքին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը տիեզերական ու հրթիռային ծրագրի ընդլայնման կապակցությամբ զգուշացրեց Իրանին և կոչ արեց դադարեցնել բալիստիկ հրթիռներին վերաբերող ցանկացած տեսակի աշխատանք: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է,որ Իրանի հրթիռային ծրագիրը ոտնահարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը:

Մայք Պոմպեոն նշել է, որ Իրանի տիեզերական ծրագրում օգտագործված տեխնոլոգիան նույն այն տեխնոլոգիան է, որ կիրառվում է բալիստիկ հրթիռների ընդլայնման համար:

Ամերիկացի պետայրերի նման կարգի դիրքորոշումները նորություն չեն և նաև վերջինը չեն լինելու: ԱՄՆ գործող վարչակազմը շարունակ թշնամական կողմնորոշում է որդեգրել Իրանի դեմ և տիեզերական ու հրթիռային ոլորտներում Իրանի առաջընթացը թիրախ դարձնելու նպատակով, այն սպառնալիք է ներկայացնում աշխարհի համար:

ԱՄՆ պետայրերի նման կողմնորոշումը, որը բխում է Իրանի ժողովրդի ու համակարգի հետ խոր թշնամությունից, վերջին 40 տարիների ընթացքում տարբեր միջոցներով արտահայտվել է և այսօր էլ երբ իսլամական հեղափոխությունը պատրաստվում է նշել իր 40-ամյակն Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի թշնամությունը հասել է գագաթնակետին:

Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակ զուգորդվել է քաղաքական ու տնտեսական ճնշումներով ու պատժամիջոցներով: Հատկանշական է, որ տարբեր բնագավառներում Իրանի առաջադիմությունն արձանագրվել է նույն այդ պատժամիջոցների ստվերի ներքո:

Տարբեր, այդ թվում տիեզերական ու հրթիռային ոլորտներում Իրանի արձանագրած առաջընթացն ու հաջողությունները վկայում են ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության անարդյունավետության մասին: Դա զայրացնում է ամերիկացի պետայրերին, որոնք սխալ մեկնաբանություններ կատարելով ու շանտաժի միջոցով, փորձում են Իրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք ներկայացնել աշխարհի համար:

ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը, որին հղում է կատարում ԱՄՆ պետքարտուղարը, չի արգելում հրթիռային փորձարկումները և տիեզերական ոլորտում էլ որևէ համաշխարհային սահմանափակում նկատի չի առնում Իրանի դեմ: ԱՄՆ պետքարտուղարն այն պայմաններում է Իրանին մեղադրում թիվ 2231 բանաձևը ոտնահարելու մեջ, երբ ԱՄՆ գործող վարչակազմը ոտնահարելով այս բանաձևը հրաժարվել է ՀԳՀԾ-ից, որի քաղաքական հենարանը թիվ 2231 բանաձևն է:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանն, ասել է. «Իրանի կողմից արբանյակ փոխադրող սարքերի արձակումը կամ հրթիռային փորձարկումը չէ, որ ոտնահարում է ՄԱԿ-ի  ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը:  ԱՄՆ-ն ինքն է ոտնահարում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի հրթիռային փորձարկման մասին արտահայտվելու որևէ լիազորություն չունի:

Իրանի պաշտպանական կարողությունն, այդ թվում հրթիռային հզորությունը, երկրին հզորություն փոխանցող ազդեցիկ բաղադրիչներից են և Իրանն այս շրջանակում հենվելով ներքին կարողության վրա, շարժվել է առաջադիմության ուղղությամբ: Իրանի հրթիռային կարողությունը կարևոր է երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության համար:

Իրանի պաշտպանական կարողությունը կանխարգելող բնույթ ունի և որևէ վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի երկրների համար: Պաշտպանական հզորության ամրապնդումը, ցանկացած երկրի, այդ թվում՝ ԻԻՀ-ի բացարձակ իրավունքն է: Այս կապակցությամբ, ԱՄՆ-ի գործադրած ճնշումներն ու շանտաժները չեն կարող Իրանին պարտադրել զիջումների գնալ:

Իրանի հրթիռային հզորությունն Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյա նվաճումներից է և Իրանն այս բնագավառում դասվում է հզոր երկրների շարքին: Այս կապակցությամբ, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի քաղաքական հարցերով տեղակալ, բրիգադային գեներալ Յադոլլահ Ջավանին, հինգշաբթի օրն ասել է. «Հրթիռային հզորության տեսակետից, ԻԻՀ-ն գտնվում է աշխարհի երկրների առաջին քառյակում»:  

Պիտակ