Հունիս 11, 2020 19:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ գլոբալ ուժի հավասարակշռությունը կփոխվի

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադառնալով տարբեր, այդ թվում ռազմական ու տնտեսական ոլորտներում Չինաստանի աճին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ընդունել Պեկինի աճող հզորությունը: Նա խոստովանել է, որ աշխարհն առաջիկայում ականատես կլինի ուժի բալանսի փոփոխմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է.«Արևմուտքը չի կարող անտեսել Չինաստանի ռազմական ու տնտեսական հզորությունը»:

Ստոլտենբերգի խոսքերով. «Չինաստանը հիմնական կերպով փոխում է  համաշխարհային ուժերի հավասարակշռությունը և ուժեղացնում մրցակցությունը տնտեսական ու տեխնոլոգիական ոլորտներում գերազանցության հասնելու համար: Սա կրկնապատկում է ազատ հասարակություններին և անհատական ​​ազատություններին սպառնացող վտանգը և մեծացնում մրցակցությունը՝ հանուն մեր արժեքների  ու կենսակերպի»:

Անդրադառնալով ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում Չինաստանի դիրքերի ամրապնդման և հետևանքներին, Ստոլտենբերգն ասել է. «Ներկայումս  Չինաստանն արդեն ունի երկրորդ ամենամեծ պաշտպանական բյուջեն: Չինացիները մեծ ներդրում են արել ռազմական ոլորտում և ունեն այնպիսի հրթիռներ, որոնք կարող են հասնել ՆԱՏՕ-ի երկրներ»:

Թվում է, որ ՆԱՏՕ-ն Վաշինգտոնի ձեռքում գործիք է և ԱՄՆ-ի շահերի ուղղությամբ նույնիսկ ճնշում է գործադրում Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների նկատմամբ, ուստի ԱՄՆ-ի շահերի շրջանակում ցանկանում է, որպեսզի արևմտյան երկրները քայլեր ձեռնարկեն Չինաստանի դեմ, նրա տնտեսական ու ռազմական աճող ուժը թուլացնելու համար: Այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Թրամփի վարչակազմի կոչը չի արժանացել Եվրոպայի դրական արձագանքին: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Բորելն ասել է. «Չինաստանը չի սպառնում համաշխարհային խաղաղությանը և պետք է այդ երկրի նկատմամբ լուրջ դիրորոշում որդեգրել»:

Իսկ Թրամփի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Չինաստանը համաշխարհային անվտանգության ու տնտեսության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքն է: Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր,  Միացյալ Նահանգները կոշտ  քաղաքականություն է վարում Չինաստանի նկատմամբ և տարբեր պատրվակներով  ճնշում գործադրում Պեկինի նկատմամբ:

Չինաստանը և Ռուսաստանը համաշխարհային հարցերում Թրամփի միակողմանի քաղաքականության խիստ ընդդմիադիրներից են և  խստորեն քննադատում են հովանավորչական տնտեսության վրա հիմնված ԱՄՆ նախագահի առևտրային կողմնորոշումը: Չինաստանը նաև բազմիցս քննադատել է Հարավչինական ծովում  ԱՄՆ-ի  ու նրա որոշ դաշնակիցներ՝ Բրիտանիայի ու Ավստրալիայի ծովային ու օդային ռազմական սադրիչ  քայլերը:

Թվում է, որ եվրոպացի  դաշնակիցները Չինաստանի դեմ պայքարում ԱՄՆ-ին չեն աջակցում , քանի որ եվրոպացիները իրենց շահերը տեսնում են Պեկինի հետ տնտեսական և առևտրային հարաբերությունների ընդլայնման մեջ,  հետևաբար, Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի հորդորած  թշնամական մոտեցման փոխարեն, իրատեսական  մոտեցում են ցուցաբերում: Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Չինաստանը մեծացնում է իր տնտեսական ու ռազմական ուժը և շուտով կդառնա աշխարհի թիվ մեկ տնտեսական տերությունը: Այսպիսով ուժի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ արևելքի: Ինչն արդեն վախեցրել է Վաշինգտոնին և ՆԱՏՕ-ին:

 

Պիտակ