Օգոստոս 04, 2022 13:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ  Իրանն աջակցում է  «Միասնական Չինաստան» սկզբունքին

ԻԻՀ-ի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ընդգծել է Իրանի աջակցությունը «Միասնական Չինաստան» սկզբունքին և հայտարարել, որ ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները դարձել են սպառնալիքի աղբյուր միջազգային խաղաղության և կայունության համար։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից հետո չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարը չինարեն թվիթ է գրել. «Երկրների տարածքային ամբողջականությունը հարգելը միջազգային իրավունքի հայտնի հիմքերից է»: Ամիր Աբդոլլահյնաը շեշտել է.«Այս շրջանակներում ԻԻՀ-ի աջակցությունը միասնական Չինաստան սկզբունքին անվիճելի է։ Ամերիկայի սադրիչ գործողությունները դարձել են սպառնալիքի աղբյուր միջազգային խաղաղության և կայունության համար»:

ԻԻՀ-ի կողմից «Միասնական Չինաստանի» քաղաքականությանը սատարելու մասին հայտարարությունն արվել է Թեհրանի և Պեկինի միջև հարաբերությունները հնարավորինս ամրապնդելու, ինչպես նաև Չինաստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությանն ու գործողություններին Իրանի հակադրությունն ընդգծելու նպատակով։

Չինաստանի դեմ ԱՄՆ-ի վերջին սադրանքը երեքշաբթի օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած գաղտնի և վիճահարույց այցն էր:  Միևնույն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին մեկնեց Թայվան կղզի, չինական մի քանի կործանիչներ թռիչք իրականացրին Թայվանի նեղուցի վրայով: Չնայած Չինաստանի խիստ նախազգուշացումներին և միջոցառումներին, ինչպիսիք են Պեկինի օդային և ռազմածովային զորավարժությունները Թայվանի մոտ, Փելոսին իր արկածախնդիր ճանապարհորդությունը կատարեց այսպես կոչված Թայվանին ուղղված Վաշինգտոնի աջակցության նպատակով, որը նույնիսկ հակասում էր Միասնական Չինաստանը ճանաչելու ԱՄՆ պաշտոնական քաղաքականությանը: Փաստորեն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի արարքը միջամտություն է Չինաստանի ներքին գործերին և անուղղակիորեն նշանակում է Թայվանի անկախության ճանաչումը։ Փելոսին ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով այցելել է Թայվան 1997 թվականից ի վեր։ Ի պատասխան Թայվանում Փելոսիի ներկայության՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ այս գործողությունը ԱՄՆ-ի կողմից դիտավորյալ դավաճանություն է «Միասնական Չինաստան» սկզբունքին:

Հատկանշական է, որ Նենսի Փելոսիի Թայվան մտնելուց հետո Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին, ի պատասխան այս ուղեւորության, մեկ անգամ ևս ընդգծել է Իրանի աջակցությունը Միասնական Չինաստան քաղաքականությանը և դատապարտել է ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող պահվածքը, վերջինիս կողմից Չինաստանի ներքին գործերին միջամտությունը և այդ երկրի տարածքային ամբողջականության խախտումը: Քանանին ասել է.«Իրանն իր արտաքին քաղաքականության հիմքերից մեկն է համարում երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, և այդ շրջանակներում «Միասնական Չինաստան» քաղաքականության աջակցությունն անվիճելի է»։

Չինաստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության դեմ Իրանի դիրքորոշման հայտարարությունն ու Պեկինի բացահայտ աջակցությունը կատարվում է երկու երկրների երկկողմ հարաբերությունների շրջանակներում։ Իրանի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին աճող ընթացք են ունեցել, հատկապես ԱՄՆ-ի հեգեմոն քաղաքականությանը դիմակայելու հարցում երկու երկրների ընդհանուր դիրքորոշումը, ինչպես նաև 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի կնքումը շրջադարձային կետ են համարվում Իրան-Չինաստան երկկողմ հարաբերություններում։ Այս ուղղությամբ Իրանի և Չինաստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Սի Ծինպինը վերջին հեռախոսազրույցում իրենց գոհունակությունն են հայտնել երկու երկրների միջև վերջին մեկ տարում հարաբերությունների զարգացման և առևտրային փոխանակումների աճի կապակցությամբ։ Նրանք պայմանավորվել են 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի իրականացման գործընթացում զարգացման լուծումների և արագացման շուրջ:

Փոխադարձ շահերի ու երկկողմ ընդհանրությունների, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ու տեսակետների ուղղությամբ՝ Իրանն ու Չինաստանը բազմաթիվ հիմքեր ու պատճառներ ունեն այս ոլորտում հարաբերությունները զարգացնելու համար։ Տարածաշրջանային և միջազգային իրավիճակն ու պայմանները, հատկապես Չինաստանի վրա ամերիկյան ճնշման աճը, ինչպես նաև Արևմտյան Ասիայում Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունը, իսկ մյուս կողմից երկու երկրների՝ Իրանի և Չինաստանի աճող մերձեցումը երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների ոլորտում հանգեցրել է երկու երկրների միջև հարաբերությունների և խորհրդակցությունների մակարդակի բարձրացման։

Պիտակ