Մամուլի տեսություն 3.03.2024
Իրանական այսօրվա մամուլում կարդում ենք. «Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումից» մինչև «Մակրանի շրջանի առանցքային դերը Իրանի տարածաշրջանային հզորության հարցում»
Ֆարհիխթեգան
Անակնկալ Երևանի՞ց
ՆԱՏՕ-ի գծային ընդլայնումը Արևելյան Եվրոպայից ու Կովկասից մինչև Կենտրոնական Ասիա փորձ է Եվրասիայի սիրտը նվաճելու համար:
ՆԱՏՕ-ի և նրա նպատակների մասին պատկերացումները դեռևս գտնվում են սառը պատերազմի տրամադրության մեջ: 1990-ականների սկզբին այս պատերազմի հաղթական ավարտից և Արևմուտքի գերակայությունից հետո, Վարշավայի պայմանագրի լուծմամբ , ՆԱՏՕ-ն պետք է ընթանար իր գործունեությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն այս կազմակերպությունը հանգիստ նստելու փոխարեն, մեկ առ մեկ կլանեց Արևելյան բլոկի երկրները և ցույց տվեց իր անհագությունը՝ կլանելով Խորհրդային Միության կազմում եղած երեք բալթյան հանրապետությունները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան։
ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Գյունտեր Ֆլինգերը վերջերս «X» սոցիալական ցանցի իր էջում հղած հաղորդագրության միջոցով Հայաստանին կոչ է արել միանալ ՆԱՏՕ-ի դաշինքին։ «Պետք է վերլուծել այս ամենը եւ հասկանալ, թե որն է Հայաստանի ազգային շահը, որն է ձեռնտու, ինչն է կարճաժամկետ, ինչը՝ միջնաժամկետ և ինչը՝ երկարաժամկետ օգուտը»,- գրել է նա։
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անցյալ չորեքշաբթի իր ամենշաբաթյա ասուլիսում զգուշացրեց Հայաստանին, որ պետք է հաշվի առնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ռիսկերն ու հետևանքները։ Ռուսաստանցի այս դիվանագետը զգուշացրել է հայերին, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը հանգեցնում է երկրների կոնֆլիկտների մեջ ներքաշմանը, ինքնիշխանության և անկախության կորստին և ազգային շահերի իրացման անկարողությանը:
Քեյհան
Լուծումը Գազայում պատերազմի դադարեցումն է, ոչ թե Իրանի հետ լարվածության սրումը
« Վաշինգտոնի կողմից լարվածությունը սրվելու դեպքում, Իրաքում և Սիրիայում հազարավոր ամերիկացի զինվորներ սպանվելու վտանգի տակ կհայտնվեն: Ներկայիս ճգնաժամի լուծումը Գազայում պատերազմի դադարեցումն է, այլ ոչ թե Իրանի հետ կոնֆլիկտի սրումը, ինչը կարող է ընդլայնել պատերազմի շրջանակը։
Այս վերլուծությունը հրապարակել է Washington Post թերթը։ Ըստ Radio Farda-ի՝ «Ամերիկյան «Աշտարակ 22» ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի մահացու հարձակմամբ, որի հետևանքով սպանվեցին երեք ամերիկացի զինվորներ, մենք այժմ հասել ենք այն «անվերադարձ կետին», որի մասին ոմանք զգուշացնում էին տարիներ շարունակ։ Արդյոք պետք է սպասե՞նք մեծ պատերազմի․ Ամերիկայի և Իրանի միջև պատերազմը կրակի կմատնի ամբողջ Մերձավոր Արևելքը։ Սա այն հարցն է, որի պատասխանը վերջին օրերին փորձում են գտնել փորձագետներն ու վերլուծաբանները, հատկապես Ամերիկայում և Անգլիայում։ Փորձագետների պատասխանը, լինի դա Washington Post-ի, New York Times-ի, թե Guardian թերթի սյունակագրի կամ թղթակցի կողմից, ունի մեկ ընդհանուր կետ. Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնումը ձեռնտու չէ ոչ մեկին, և բոլոր ճանապարհներն հանգում են Գազայում:
Վաթան Էմրուզ
Հանուն Մաքրանի զարգացման
Մաքրանի շրջանն առանցքային դեր է խաղում Իրանի տարածաշրջանային հզորության հարցում՝ շնորհիվ իր ռազմավարական, օվկիանոսային աշխարհաքաղաքական դիրքի։ Այն կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից։ Մաքրանի ափերի ռազմավարական և աշխարհաքաղաքական հնարավորություններն ունեն տարանցիկ, տնտեսական, էներգետիկ և անվտանգային առավելություններ, որոնք կարող են Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունը միացնել Իրանի հնարավորություններին և փոխադարձ կախվածություն ստեղծելով Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի միջև, մեծացնել Իրանի հզորությունը տարածաշրջանային հավասարումների մեջ: Նկատի ունենալով, որ Մաքրանը երկար ժամանակ եղել է ներքին և արտաքին ուշադրության կենտրոնում, այս շրջանի զարգացումն ու ռազմավարական այս ափերի հնարավորինս շահագործումը եղել է կառավարությունների օրակարգում։ Իրանի 13-րդ շրջանի կառավարությունը հետ չի մնացել այս հարցում և ավելի քան երբևէ իր վճռականությունն է դրսևորել այս մարզի զարգացման ու կազմակերպման գործում։
Ջավան
Ամերիկան այլևս «սեղանին դրված տարբերակ» չունի
Սիոնիստական ռեժիմի հուսահատ առաջնորդները ոչ միայն չեն կարողացել հասնել իրենց հռչակած նպատակներից որևէ մեկին, այն է՝ վերահսկել Գազայի հատվածը և վերացնել ՀԱՄԱՍ-ը, այլև հետ են կանգնում իրենց նախկին դիրքերից։ Սիոնիստական անօգնական ռեժիմն, իհարկե, պաղեստինցիների զանգվածային ցեղասպանությունով, գոնե ներքին շրջանում գոհունակություն առաջացնելու համար, դաժան հարձակումներ է ձեռնարկել Գազայի հասարակ ժողովրդի, այդ թվում՝ կանանց և երեխաների դեմ, որոնց ընթացքում հրթիռային հարձակումներ են իրականացվում հիվանդանոցների վրա և կործանիչների միջոցով կոտորում են անպաշտպան մարդկանց։
Aysor.am
Հայկական կողմն Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին պետք է դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը. Վարդան Օսկանյան
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբն իր երկրորդ հայտարարությունն է տարածել, որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։
ՀՀ նախկին արտգործնախարար, հանձնաժողովի աշխատանքները համակարգող Վարդան Օսկանյանը այդ հայտարարությունը լրացրել է մի քանի մեկնաբանություններով։
«Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից։
Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։
Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։
Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը», - Facebook-ում գրել է Օսկանյանը` հրապարակելով հայտարարությունը:
«Փաստ» թերթը
«Փաստ». Հայաստանն այն օրին է հասել, որ թշնամի երկիրը կարող է պարտադրել փոխել ներքին օրենսդրությունը
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Փաշինյանն ու Ալիևը, գրեթե միաժամանակ, համարյա նույնաբովանդակ կամ զուգահեռվող շեշտադրումներով խոսեցին... Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին: Այս փաստն ինքնին այնքան խոսուն է, այն աստիճան ցցուն, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանություններն արդեն ավելորդ են թվում: Առավել ևս, որ այս օրերին բազմաթիվ մեկնաբաններ ու քաղաքական գործիչներ այդ մասին խոսեցին:
Թե՛ նրանց, թե՛ լրատվամիջոցների, այդ թվում՝ արտերկրյա, տիրապետող հետևությունը հետևյալն է՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու «ցեցը» Ալիևի պահանջն է, դա արվում է Ալիևի պահանջով: Դե, Թուրքիան էլ «դաբավկա»: Ի դեպ, եթե ուշադիր լինեք, կոնկրետ այս հարցի, այսինքն՝ պահանջի հետ կապված հարցին ի պատասխան՝ Փաշինյանը ուղղակի չի էլ հերքում, թեման «սարուձոր» է գցում վերջին հարցազրույցում:
Այսինքն, Հայաստանն այն օրին է հասել, որ թշնամի երկիրը կարող է պարտադրել փոխել մեր երկրի ներքին օրենսդրությունը: Այստեղ նույնիսկ «խաղ», որպես այդպիսին, չկա, ամեն ինչ արդեն արվում է բացեիբաց: Բայց արի ու տես, երեկ քպական «կարկառուններից» մեկը որոշել էր հերթական «կռուտիտներն» անել: Հատուկ չենք նշում, թե քպական հատկապես ո՛ր կարկառունն է այս անգամ փայլատակել, որովհետև նախ՝ նրանք բոլորը նույն «կարկառուններն» են՝ տարբեր կոստյումների մեջ, երկրորդ՝ ինչպես ասվում է... մի քիչ շատ կլինի իրենց համար:
Հրապարակ
«Հրապարակ». ՔՊ-ականներն արդեն նախընտրական եռուզեռի մեջ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության շուրջ քննարկումներին զուգահեռ, լուրեր կան, որ ՔՊ-ականներն արդեն նախընտրական եռուզեռի մեջ են, տարածքներ են փնտրում, որ սահմանադրական հանրաքվեի համար նախընտրական շտաբներ բացեն։
Մեզ լուրեր հասան, որ Շիրակում են փորձել մի տարածք վարձակալել։ Սեփականատիրոջն ասել են, որ ընդամենը 4 ամսով է պետք։ Ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փորձելու է առաջիկա 4 ամսում կյանքի կոչել սահմանադրական հանրաքվեն։ Բայց, հավանաբար, դեռ քչերն են տեղեկացված այս մասին, քանզի երեկ մի քանի ՔՊ-ականներ հերքեցին շտաբներ բացելու մասին լուրերը։ Ի դեպ, Գյումրիում ՔՊ գրասենյակն է