Փետրվար 27, 2017 18:49 Asia/Tehran
  • Մեկնարկել է Պուտինի շրջագայությունը միջինասիական երեք երկրներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջագայությունը միջինասիական երեք երկրներ մեկնարկել է: Առիթը այդ երկրների հետ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն է:

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, Պուտինը հանդիպել է Ղազախստանի նախագահ Նազարբաևին: ՌԴ նախագահի հաջորդ այցը լինելու է Տաջիկստանի մայրաքաղաք, որտեղ նա տեսակցելու է այդ երկրի նախագահ Իմամալի Ռահմանի հետ: Երեքշաբթի օրը Պուտինն արդեն Ղրղզստանում է լինելու:

Կրեմլի համար մեծ նշանակություն ունեն հարևան երկրների, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասյան երկրների, ինչպես նաև Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ հարաբերությունները: Այդ երկրներում Մոսկվան տարբեր ծրագրեր ունի: Մոսկվան նպատակ ունի մեծացնել հատկապես ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ ռազմական ու անվտանգության հարաբերությունները: Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, որոնք հյուրընկալելու են Պուտինին, համարվում են անվտանգության կազմակերպության վաղեմի անդամ երկրները և Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեն: Ռուսական զորքերը խորհրդային ժամանակաշրջանից եղել են Տաջիկստանում: Տարածաշրջանում ռազմական ներկայությունն անվտանգության առումով մեծ կարևորություն ունի Մոսկվայի համար՝ հաշվի առնելով Աֆղանստանում ծայրահեղականների ներկայությունը և ասիական երկրներում առկա խնդիրները: 2013 թվականին Տաջիկստանում Ռուսաստանի 201 զորամիավորումների տեղակայման պայմանագրից հետո, երկու երկրների ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Տաջիկստանում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների սահմանները պաշտպանելու նպատակով: Ղրղզստանում Ռուսաստանն ունի ավիաբազա և այդ երկրի կառավարության հետ սերտ կապեր է հաստատել:  Ղազախստանն էլ  Ռուսաստանի հետ ձգվող ընդհանուր սահմանի, ինչպես նաև ռազմական ու տնտեսական լայն հարաբերություններ ունենալու պատճառով,  համարվում է Միջին Ասիայում Մոսկվայի տարածաշրջանային դաշնակիցներից մեկը: Իսկ տնտեսական դաշտում ԵԱՏՄ ստեղծելով, Ռուսաստանը լուրջ քայլեր է արել այդ տարածաշրջանային կազմակերպությունում վերոնշյալ երեք հանրապետությունները ընդգրկելու ուղղությամբ: Այսօր Ղազախստանը և Ղրղզստանը դարձել են տնտեսական կառույցի մշտական անդամ երկրները: Ռուսները նպատակ ունեն ԱՊՀ երկրների շրջանակում առևտրա-տնտեսական հարաբերությունները զարգացնելով ու խորացնելով, Եվրամիությանը ցուցադրել ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանի մյուս նպատակն էլ այդ երկրներում վերտարածաշրջանային ուժերի՝ այդ թվում ԱՄՆ-ի և Եվրամիության ազդեցիկ ներկայության խորացման կանխարգելումն է: Վերջին տարիներին ԱՄՆ-ը լուրջ քայլեր է արել ՝ Միջին Ասիայում իր ներկայությունը խորացնելու համար, ինչի համար դժգոհ է Մոսկվան:  Սկզբունքորեն այդ երկրներում արտաքին անվտանգության և ռազմական ցանկացած ներկայություն ռուսների կողմից համարվում է Ռուսաստանի ազգային անվտանգության կարմիր գիծը, ինչի դեմ Մոսկվան պայքարում է տարբեր եղանակներով:

 

Պիտակ