Արդյոք Սիոնսիտական ռեժիմը կպահպանի՞ հրադադարի ռեժիմը
Չնայած Գազայում հրադադարի հաստատմանն ու գերիների փոխանակմանը, դեռևս առկա են լուրջ կասկածներ, որ Սիոնիստական ռեժիմը հավատարիմ չի մնա համաձայնությանը, հատկապես հաշվի առնելով Թրամփի իշխանության գալու հանգամանքը։ Այդ մտահոգությունից ելնելով, ՄԱԿ-ի ԱԽ վերջին նիստի բանախոսների մեծամասնությունն ընդգծել է Գազայում հրադադարի համաձայնության կայունացման անհրաժեշտությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, ԱԽ նիստում ունեցած ելույթում, ընդգծելով, որ Գազայում հրադադարը պետք է դառնա մշտական և կայուն լուծում՝ հավելել է․ «Դրա համար անհրաժեշտ է, որ իսրայելական ուժերն ամբողջությամբ դուրս բերվեն Գազայից, ապահովվի մարդասիրական օգնության անխափան մուտքը և մշակվի Գազայի հատվածի վերականգնման համապարփակ ծրագիր։
Ավելին, միջազգային հանրությունը պետք է առաջնահերթությունը տա UNRWA-ի մանդատի պահպանմանը և պաղեստինցի փախստականներին աջակցելու համար կայուն և կանխատեսելի ֆինանսավորման ապահովմանը: Անհրաժեշտ է քննարկել նաև Հորդանան գետի Արևմտյան ափին բռնության աճը, ներառյալ՝ ավանաբնակների հարձակումները, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար և պահանջում է հրատապ ու վճռական գործողություններ»:
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Քոնգն ԱԽ նիստում ընդգծել է, որ վերջին 15 ամիսների ընթացքում Գազայի հատվածը ենթարկվել է ուժեղ ռմբակոծությունների, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 46 հազար մարդ, 2 միլիոն մարդ հայտնվել է հումանիտար ճգնաժամի պայմաններում, իսկ տարածաշրջանն ապակայունացել է։ Նա նշել է, որ հրադադարի հաստատումը առաջին քայլն է, և որ միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր ջանքերը մի քանի հիմնարար խնդիրների լուծման, այդ թվում՝ Գազայում ռազմական գործողությունների մշտական դադարեցման և հատվածում հումանիտար ճգնաժամի նվազեցման համար։
Այս հայտարարությունները փաստում են, որ թեև Իսրայելի իշխող աջակողմյան կաբինետը Դիմադրության ճնշման ներքո ստիպված է եղել ընդունել հրադադարը, սակայն երաշխիք չկա, որ գերիներին ազատ արձակելուց հետո հավատարիմ կմնա համաձայնագրին։ Հատկապխես հաշվի առնելով, որ հրադադարի ստորագրումը համարվում է պարտություն Իսրայելի և անձամբ Նեթանյահոի համար։ Իսկ որոշ փորձագետներ անգամ նշում են, որ այդ որոշումը Նեթանյահուի կաբինետը հասցրել է փլուզման եզրին։
Միևնույն ժամանակ, օկուպացված տարածքների բնակիչները և բազմաթիվ քաղաքական, ռազմական գործիչներ ու լրատվամիջոցներ, բողոքում են համաձայնագրի դեմ՝ այն համարելով Իսրայելի պարտություն և պաղեստինյան Դիմադրության հաղթանակ։
Գազայի 15-ամիս շարունակված պատերազմի ընթացքում Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և Գազայի Դիմադրությունը, իսրայելցի բանտարկյալներին ազատ արձակել ուժով, այլ ոչ թե համաձայնությամբ և տարհանել Գազայի հատվածը կամ առնվազն հյուսիսային հատվածն ու այնտեղ կառուցել բնակավայրեր սիոնիստների համար։
Թել Ավիվը համաձայնել է գերիների փոխանակման փուլային տարբերակին։ Ըստ այս համաձայնության՝ միջազգային օգնությունը կտրամադրվի ՀԱՄԱՍ-ին, որը կզբաղվի դրա բաշխմամբ։
Իսրայելը նաև համաձայնել է դուրս բերել իր ուժերը Գազայից։ Իրականում, ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի ընդունումը նշանակում է ընդունել պարտություն Դիմադրության կամքի առջև, որը պահանջել է գերիների փոխանակում, Գազայի հատվածից օկուպանտների դուրսբերում և միջազգային օգնության մուտքի դյուրացում։
Մյուս գործոնը, որը նպաստել է հրադադարի համաձայնագրի ամբողջական իրականացման հարցում Իսրայելի հանձնառության վերաբերյալ կասկածների առաջանալուն, Թրամփի իշխանության գալն է ԱՄՆ-ում: ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը գործադիր հրամանների ստորագրման ժամանակ ասել է, որ վստահ չէ, որ Գազայի հատվածում հրադադարը կարող է պահպանվել։
Ավելի վաղ, տարածաշրջանում Թրամփի բանագնաց Ստիվ Ուիթքոֆը հայտարարել էր․ «Գազայի համաձայնագիրը բարդ էր, սակայն դրա իրականացումը կարող է ավելի բարդ լինել»։