Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է զսպել Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54482-Սիրիան_ՄԱԿ_ից_պահանջել_է_զսպել_Թուրքիային
Սիրիայի կառավարությունը դիմել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհրդին` պահանջելով ստիպել Անկարային վերջ տալ Սիրիայի դեմ կրկնվող հարձակումների և խախտումների քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 07:02 Asia/Tehran
  • Սիրիան ՄԱԿ-ից պահանջել է զսպել Թուրքիային

Սիրիայի կառավարությունը դիմել է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհրդին` պահանջելով ստիպել Անկարային վերջ տալ Սիրիայի դեմ կրկնվող հարձակումների և խախտումների քաղաքականությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին ուղարկել է երկու միանման նամակ, որոնք իրազեկում են Թուրքիայի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող շարունակական վտանգավոր գործողությունների մասին:

Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, Սիրիայի արտաքին գործերի նախարարության՝ ՄԱԿ-ին ուղարկած նամակում նշված է. « Սիրիայի Արաբական Հանրապետությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման շուրջ իր պարտավորությունները»:

«Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ից, մասնավորապես պահանջում է վերջ տալ Թուրքական վարչակարգի կողմից սիրիական ժողովրդի դեմ իրականացվող խախտումներին»,- նշված է Սիրիայի ԱԳՆ-ի կողմից ՄԱԿ-ին ուղարկած նամակում:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Armenpress.am