Ապրիլ 14, 2018 11:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ. Սիրիայի ՀՕՊ-ը հրթիռների զգալի մասը ոչնչացրել է

Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:

Ռուսաստանը նախազգուշացրել է Արևմուտքին հարձակում չիրականացնել իր դաշնակից Բաշար ալ Ասադի դեմ և սպառնացել է կործանել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:

http://www.tert.am/am/news/

Պիտակ