Մայիս 15, 2018 12:25 Asia/Tehran
  • «Իսրայելն ահաբեկչական պետություն է»․ Էրդողանը հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում Թուրքիայի դեսպաններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելը՝ քննադատելով Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողությունները, գրում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը։ «Իսրայելն ահաբեկչական պետություն է, և նրանք դա ապացուցում են իրենց արած քայլերով», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Անկարան հետ է կանչում Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։ Էրդողանը նաև նշել է, որ Իսրայելը 1948 թվականից մինչ այսօր «օկուպացնում է Պաղեստինի տարածքները», և հայտարարել է, որ իրենք բոլոր ողջամիտ քրիստոնյաներից ու հրեաներից ակնկալում են այդ ամենի դատապարտում։ «Ես այս հարցով հանդիպումներ ու հեռախոսազրույցներ եմ ունենալու բազմաթիվ անձանց, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ, Մահմուդ Աբբասի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Մենք վճռական կերպով շարունակելու ենք լինել մեր եղբայր պաղեստինցի ժողովրդի կողքին։ Մենք՝ որպես իսլամական աշխարհ, երբևէ թույլ չենք տա, որ այս օրը դառնա մեզ համար Երուսաղեմը կորցնելու օր», - ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։  իսրայելցի ուժայինների  կրակոցներիհետևանքով 59 պպաղեստինցի է զոհվել։ ԱՄՆ դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխումը բացասական են գնահատել ու իրենց մտահոգությունը հայտնել մի շարք գերտերություններ։

tert.am

Պիտակ