Հուլիս 16, 2018 16:24 Asia/Tehran
  • Քրդական ուժերն ամբողջությամբ հետ են քաշվել սիրիական Մանբիջից․ Մանբիջի ռազմական խորհուրդ

Սիրիայի հյուսիսում կռվող քրդական ուժերը (YPG/PYD) հայտարարել են սիրիական Մանբիջից ամբողջապես հետ քաշվելու մասին, այս մասին հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը՝ հղում անելով Մանբիջի ռազմական խորհրդի տարածած հայտարարությանը։

Ավելի վաղ խորհուրդը հայտնել էր, որ YPG զինյալները դուրս կգան Մանբիջից, սակայն թուրք զինվորների մուտքը քաղաք անընդունելի է մնում իրենց համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, արձագանքելով տարածված լուրին, հերքել է այն ու շեշտել, որ քուրդ զինյալներն ամբողջությամբ հետ չեն քաշվել Մանբիջից և որ գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։ Հայտնի է, որ Սիրիայի հյուսիսային այդ շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողություններն իրականացվելու են հիմնականում երեք փուլով․ նախ, քուրդ զինյալները պետք է ամբողջովին հետ քաշվեն տարածքից, այնուհետև թուրքական ու ամերիկյան զինված ուժերը համատեղ քայլեր կձեռնարկեն Մանբիջում ներկայության ուղղությամբ։ Երրորդ քայլն, ըստ Չավուշօղլուի, կլինի Մանբիջի վերաբնակեցումը՝ այդ թվում Թուրքիայում գտնվող բազմաթիվ սիրիացի ներգաղթյալներով։

tert.am/

Պիտակ