Մայիս 03, 2016 17:56 Asia/Tehran
  • Հելսինկիում բացվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված կոնֆերանս

Ֆինլանդիայի մայրաքաղաքում բացվել է միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Այն մեկտեղել է հարյուրավոր մասնակիցների աշխարհի տարբեր երկրներից: Առաջիկա 2 օրերին նրանք կքննարկեն հիմնական խնդիրները, որոնք ստիպված են լինում լուծել լրագրողները մեր օրերում, հայտնում է TASS-ը:

«Ազատությունները (խոսքի և ինքնարտահայտման) ներկայումս բախվում են մարտահրավերների: Ոչ բավարար բազմակարծությունից և մեդիաոլորտում անկախությունից մինչև ցենզուրաներ, բայց ամենավատն այն է, որ լրագրողները ենթարկվում են ճնշման և սպառնալիքների, բախվում են ծայրահեղականների ատելությանը և, որ առավել ողբերգական է՝ մահվան: Վերջին 10 տարում 825 լրագրող զրկվել է կյանքից: Դա անթույլատրելի է: Իրավիճակը բարդանում է նրանով, որ սպանությունների 6%-ից պակասն է բացահայտվում: Եվ դրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատը՝ առաջ տանել խոսքի ազատությունը»,- ֆորումի բացմանն ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Նա նշել է, որ Իրաքում, Նեպալում, Պակիստանում, Հարավային Սուդանում, Բրազիլիայում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Մեքսիկայում, Նիգերիայում, Սոմալիում և այլ երկրներում ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ հարցում աշխատում է կառավարությունների, պրոֆեսիոնալ ասոցիացիաների, կրթական ինստիտուտների, արդարադատության նախարարությունների և անվտանգության ուժերի հետ:

«Հիմնարար ազատությունները պետք է պաշտպանվեն և՛ օֆլայն, և՛ օնլայն»,- ասել է Բոկովան: Ըստ նրա՝ ներկայումս կարևոր է նաև համացանցի և այնտեղ հայտնված տեղեկության օգտագործումը երիտասարդության արմատականացման դեմ պայքարի համար:

Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակել է ՄԱԿ ԳԱ-ն 1993 թ. և նշվում է մայիսի 3-ին:

Պիտակ