Ռուսաստանը համոզիչ կերպով հայտնել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը․դեսպան Կոպիրկին
https://parstoday.ir/hy/news/world-i168698-Ռուսաստանը_համոզիչ_կերպով_հայտնել_է_Ղարաբաղի_վերաբերյալ_իր_դիրքորոշումը_դեսպան_Կոպիրկին
Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 10:24 Asia/Tehran
  •  Ռուսաստանը համոզիչ կերպով հայտնել է Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը․դեսպան Կոպիրկին

Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության համար:

Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված թեմատիկ լուսանկարչական ցուցահանդեսին։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ այդ կապակցությամբ բազմիցս արտահայտվել են մեր երկրի ներկայացուցիչները, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Ես կարծում եմ, որ այն, ինչ ասվել է, բավական համոզիչ և խոսուն կերպով վկայում է այն մասին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը»,-նշել է նա։

Ինչպես հայտնի է, Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ պայմանավորվածությունները։

Դիվանագետի կարծիքով՝ անհրաժեշտ է ամեն ինչ անել սրացում թույլ չտալու համար, որպեսզի նախորդ փաստաթղթերում արձանագրված պայմանավորվածությունները անշեղորեն կատարվեն։

Պատասխանելով Բրյուսելում կայանալիք հանդիպումից ակնկալիքների մասին հարցին, Կոպիրկինը կոչ է արել սպասել արդյունքներին:

«Ռուսաստանը երբեք չի թաքցրել իր դիրքորոշումը։ Նա շահագրգռված է, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Ռուսաստանն ինքն է այդ հարցում մշտական և զգալի ներդրում կատարում։ Մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ընդգծել է դիվանագետը։

Հիշեցնենք` մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։

Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։

Նշենք, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածք է ներխուժել 2021 թվականի մայիսի 12-ից։

armeniasputnik.am