Ռուսաստանը դաշնակցային շահերը չի զոհաբերի աշխարհաքաղաքական խաղերին. Լավրովը՝ ղարաբաղյան կարգավորման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i168960-Ռուսաստանը_դաշնակցային_շահերը_չի_զոհաբերի_աշխարհաքաղաքական_խաղերին._Լավրովը_ղարաբաղյան_կարգավորման_մասին
Մենք լիովին հակված ենք օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ վերադառնալու բնականոն կյանքին։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման մասին հարցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2022 14:51 Asia/Tehran
  •   Ռուսաստանը դաշնակցային շահերը չի զոհաբերի աշխարհաքաղաքական խաղերին. Լավրովը՝ ղարաբաղյան կարգավորման մասին

Մենք լիովին հակված ենք օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ վերադառնալու բնականոն կյանքին։ Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման մասին հարցին։

«Մենք ի սկզբանե հիմնվել ենք այն բանի վրա, որ բոլոր աշխատանքները, որոնք արվում են, թե՛ սահմանազատման նախապատրաստման, թե՛ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, եւ թե՛ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հիմնված են այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ հանդիպումների ընթացքում։

Ինչ վերաբերում է կոնկրետ սահմանազատմանը, ապա անցած տարվա նոյեմբերին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել հանձնաժողով»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ խոսքը մինչեւ ապրիլի վերջ հանձնաժողովի ստեղծման մասին է։

«Ես հարցրեցի իմ գործընկերոջը, թե դա որքանով է համապատասխանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին: Ստացա պատասխան, որ հենց այդ հունով է զարգանում իրավիճակը։ Շատ կցանկանայի, որ Բրյուսելի մեր եվրոպացի գործընկերները հասկանային, որ այս հունն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 եւ 2021թթ․։ Նկատեցի, որ պարոն Միշելի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի տեղ չի հիշատակվում։ Սա արդեն վկայում է այն մասին, որ ԵՄ ղեկավարության համար առավել կարեւոր է օգտագործել ղարաբաղյան հարցը՝ իրենց ռուսաֆոբիան նշելու համար: Սա ցավալի է։ Ռուսաստանը երբեք դաշնակցային շահերը չի զոհաբերի աշխարհաքաղաքական խաղերին։ Մենք լիովին հակված ենք օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ վերադառնալու բնականոն կյանքին։ Այս աշխատանքի մի մասն, իհարկե, սահմանազատումն է:

Եվ մենք եւ մեր գործընկերներն այսօր հաստատել ենք, որ հանձնաժողովը կլինի երկկողմանի՝ ռուսական կողմի խորհրդատվական մասնակցությամբ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ մենք ունենք Գլխավոր շտաբի քարտեզներ, որոնք պատրաստ են օգտագործել Երեւանն ու Բաքուն, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ այս տարածքում մեր դարեր շարունակ համակեցությունը, իհարկե, թույլ է տալիս հուսալ, որ այս ձեւաչափով նման հարցերն  արդյունավետորեն կլուծվեն»,- ասել է Լավրովը։

Նա նաեւ նշել է կարգավորմանն առնչվող այլ հարցերի, եռակողմ առեւտրային, տնտեսական եւ տրանսպորտային նախագծերի, խաղաղության պայմանագրի խթանման գործում ԵՄ դերի մասին Միշելի հայտարարությունները։ «Նման «դելիկատությունը» մեզ ծանոթ է, զուտ եվրոպական «դելիկատություն»»,- նշել է Լավրովը։

Նա խոստովանել է, որ ադրբեջանական կողմից հայտարարություններ չի տեսել Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին։ «Բայց այն, որ ֆրանսիացիներն ու ամերիկացիները դա հայտարարել են որպես եռյակի մաս, ինձ համար փաստ է»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը։

news.am