Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին
https://parstoday.ir/hy/news/world-i170194-Ավստրիան_չի_աջակցի_ռուսական_գազի_էմբարգոյին
Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին, քանի որ խիստ կախված է նրանից։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2022 13:00 Asia/Tehran
  • Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին

Ավստրիան չի աջակցի ռուսական գազի էմբարգոյին, քանի որ խիստ կախված է նրանից։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրունները։

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելուն, քանի որ պատժամիջոցները պետք է առաջին հերթին ցավոտ լինեն Ռուսաստանի, ոչ թե Եվրամիության համար:

«Ես կարծում եմ, որ դրանից քիչ օգուտ կա, եթե պատժամիջոցներն ավելի շատ հարվածում են քեզ, քան նրան, ում դրանք ուղղված են»,- ասել է Բրունները:

Նա հավելել է, որ ավստրիական արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ իրենք ուղղակի «ընտրության հնարավորություն չունեն»: Բրուններն ընդգծել է, որ իմաստ չունի պատժամիջոցներին միանալ, քանի որ դա ավստրիական տնտեսությանն ավելի մեծ հարված կհասցնի, քան ռուսականին:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 59-րդ օրը։

armeniasputnik.am