Հոկտեմբեր 20, 2022 18:35 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել

Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», - Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը՝ եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:

Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով ԵՄ մինչև 40 փորձագետների մոնիթորինգային առաքելությունը նպատակաուղղված է անկայունության պայմաններում վստահության միջոցների կառուցմանը։ Նա ընդգծել էր, որ ներկա իրավիճակը ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկանց կյանքի համար, այլև սպառնալիք է ներկայացնում հակամարտության կարգավորման գործընթացի համար։

Հավելենք, որ հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ևս քննարկել է ԵՄ քաղաքացիական առաքելության լիազորություններին, գործունեությանը և տեղակայմանը վերաբերող հարցեր։

armeniasputnik.am

Պիտակ