Նոյեմբեր 04, 2022 14:55 Asia/Tehran
  • ԵՄ-ն բարձր է գնահատել Բրյուսելում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպման կառուցողական մթնոլորտը

Եվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը:

Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին, փոխանցում է «Արմենպրես»-ը։ «Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:  

araratnews.am

Պիտակ