Դանիական կղզու մոտակայքում անհայտ ծագման ցնցումներ են գրանցվել․ ԶԼՄ-ներ
(last modified Tue, 16 May 2023 15:01:29 GMT )
Մայիս 16, 2023 18:31 Asia/Tehran
  • Դանիական կղզու մոտակայքում անհայտ ծագման ցնցումներ են գրանցվել․ ԶԼՄ-ներ

Սեյսմոլոգները անհայտ ծագման ցնցումներ են գրանցել Բորնհոլմ կղզու մոտակայքում, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերին պայթեցվել էին «Հյուսիսային հոսքի» գազատարները։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Դանիայի և Գրենլանդիայի երկրաբանական ծառայության (Geus) հայտարարությանը։

Ինչպես հաղորդվում է, դանիական Բորնհոլմ կղզու բնակիչներն անցած հանգստյան օրերին վախեցել են ստորգետնյա ցնցումներից, որոնց ծագումը երկրի իշխանությունները չեն կարողանում բացատրել:

«Սեյսմոլոգները սկզբում կարծում էին, որ մայիսի13-ի ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել հարևան Լեհաստանում գրանցված երկրաշարժի կամ վերահսկվող պայթյունի հետևանքով, սակայն այժմ տվյալների լրացուցիչ վերլուծությունից հետո նրանք բացառել են այդ վարկածները», - նշում է գործակալությունը։

Սեյսմոլոգները նշում են, որ ցնցումները կարող են լինել «մթնոլորտում մեկ կամ մի քանի իրադարձությունների ակուստիկ ճնշման ալիքների հետևանքով»:

«Սակայն հետազոտողները չեն կարող եզրակացություններ անել, թե ինչն է առաջացրել այդ հզոր ճնշման ալիքները», - նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այդ տարածքում 2022 թվականի սեպտեմբերի 26-ին պայթյուններ տեղի ունեցան դեպի Եվրոպա գազ արտահանող ռուսական երկու գազատարներում՝ «Հյուսիսային հոսքում» և «Հյուսիսային հոսք 2»–ում։

Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել թիրախային դիվերսիաները։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության փաստով։

armeniasputnik.am