Հունիս 14, 2024 10:36 Asia/Tehran
  • Կանադական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման հավանականության կապակցությամբ

Կանադական հետազոտական կենտրոնը նախազգուշացրել է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման հավանականության կապակցությամբ։

Politico-ի փոխանցմամբ՝ Canadian Policy Outlook հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում տիրող բևեռացված վիճակի և ներքին տարաձայնությունների պատճառով, երկրում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել։ 

Կենտրոնն Օտտավայի իշխանություններին խնդրել է լուծում մտածել այդ կապակցությամբ։

Կենտրոնի կողմից հրապարակված 37 էջանոց զեկույցում ասվում է․ «Եթե ԱՄՆ-ում գաղափարական պառակտումներն աճեն, և ժողովրդավարությունը թուլանա, ներքին լարվածությունն ու հակամարտությունները կարող են երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ»:

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի բռնկման դեպքում հավանական է կենսաբանական զենքի կիրառում, հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն հիվանդությունների առաջացում, զանգվածային մահեր, սով և երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ։

Politico-ն, արձագանքելով այս զեկույցին, մի հոդվածում նշել է․ «Մտահոգիչ է պարզել, որ մեր հարևան Կանադան վախենում է, որ մեր երկրում դաժան իրադարձություններ  տեղի կունենան։ Այս զեկույցը ցնցող է։ Այն հրապարակել է ոչ թե Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությունն այլ հարևան երկիրը, որը մտահոգված է ԱՄՆ-ում ազգային պառակտման հետևանքներով»։

Պարբերականը հարց է բարձրացրելվ, թե որքանո՞վ ամերիկացիներն ու կանադացիները պետք է վստահեն այս զեկույցին։

Զեկույցը հաշվի է առել հարյուրավոր փորձագետների և պետական պաշտոնյաների տեսակետները աղետալի իրադարձությունների վերաբերյալ, որոնց Կանադան հավանաբար պետք է  նախապատրաստվի: Այնուհետև ներկայացվել են բոլոր հավանական սցենարները, դրանց ժամանակը և վտանգները։

ԱՄՆ-ի անվտանգության ու այլ կառույցները արդեն մի քանի ամիս շարունակ զգուշացնում են այս երկրում քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին։

Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն  «ներքին սառը պատերազմից» անցնում է «ներքին թեժ պատերազմի»։ «Ներքին սառը պատերազմը» սկսվեց նախքան 2017 թվականի հունվարին Թրամփի մուտքը Սպիտակ տուն, երբ ամերիկացի պահպանողականներն ու լիբերալները մի կողմ դրեցին քաղաքական հանդուրժողականությունը և սկսեցին պայքարել միմյանց ամերիկյան քաղաքական ասպարեզից հեռացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի հավանականության մասին խոսակցություններն ակտիվացան 2021 թվականի հունվարին ԱՄՆ Կոնգրեսի վրա Թրամփի կողմնակիցների հարձակումից հետո։

 

 

Պիտակ