Հունիս 24, 2024 18:13 Asia/Tehran
  • Վարդենուտցիները բացել են ճանապարհը, բայց բողոքը մնում է նույնը

Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն արդեն բացել են Երևան–Ապարան ճանապարհը, բայց բողոքը դեռ մնում է նույնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդենուտ գյուղի բնակիչ Վահե Շագոյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ առավոտից վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ ՌԻԴ ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար։

Նշենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ և որոշել փոխանցել վերը նշված ընկերությանը։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել` ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։

«Մենք բազմիցս հանդիպել ենք էկոնոմիկայի նախարարի, ՌԻԴ ՍՊԸ–ի տնօրենությանը, մարզպետին, բայց մեզ հուզող հարցերի պատասխանները չենք ստացել։ Ե՛վ տարբեր պաշտոնյաները, և՛ ՌԻԴ ՍՊԸ–ն անտարբերություն են ցուցաբերում, լուրջ չեն վերաբերվում մեր ասածներին, նույնիսկ փորձում են ծաղրել։ Մենք հենց դրա համար արդեն 2-րդ անգամ ճանապարհ փակեցինք»,– ասաց Շագոյանը։

Նա ընդգծեց, որ ճանապարհը բացել են մի պայմանով` մարզպետարանից խոստացել են հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հստակ օր դեռ չի նշվել, պետք է լրացուցիչ տեղեկացնեն գյուղացիներին։ Վարդենուտի բնակիչը վստահեցրեց` կրկին խաբելու դեպքում ամեն օր են ճանապարհը փակելու, մինչև լուծում չստանա իրենց բարձրացրած խնդիրը։