Հունիս 27, 2024 19:29 Asia/Tehran
  • «Խաղաղության խաչմերուկը» կարող է լավ հիմք դառնալ ՀՀ–Չինաստան գործակցության համար. դեսպան

Հայաստանի իշխանության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է լավ հիմք դառնալ Երևանի և Պեկինի համագործակցության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Չինաստանի դեսպան Ֆան Յոնը։

ՉԺՀ ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ ասել են, որ Չինաստանում կարևորում են Հայաստանի իշխանության նախագիծը։ Իսկ հունիսի 3-ին առաջին բեռնատարն է Շանհայից Հայաստան ժամանել այս նախագծի շրջանակում։

«Այժմ ակտիվ հետևում ենք բոլոր նորություններին և հատկապես այն լուրերին, որոնք կապված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ։ Եվ հնարավոր է, որ ապագայում արդեն զարգացնենք համագործակցությունը հենց այդ համատեքստում։ Հուսով եմ, որ դա շատ լավ հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համար... Մենք աջակցում ենք այդ նախագծին», - նշեց դիվանագետը։

Նա հիշեցրեց, որ այս տարվա մարտին Բրյուսելում կայացել է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՉԺՀ փոխվարչապետի հետ։ Հանդիպման թեմաներից մեկը եղել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Դիվանագետից հետաքրքրվեցինք, թե ինչպես կարող է հայկական նախաձեռնությունը փոխկապակցել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի հետ։ Նրա խոսքով՝ այս պահին դժվար է կոնկրետ ինչ-որ բան ասել, քանի որ բոլոր հարցերը դեռ պետք է քննարկել: Բայց եթե կողմերին, այնուամենայնիվ, հաջողվի փոխկապակցման հասնել, ապա հետագայում Հայաստանն ու ՉԺՀ-ն շփման շատ կետեր կունենան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջին անգամ ներկայացրեց 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում կայացած համաժողովի ժամանակ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի ավելացման հաշվին: Այդ նախագծի շրջանակում Երևանը նախատեսում է աշխատել Ասիայից Իրանի ու Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ, որից հետո հնարավոր կլինի մուտք գործել Սև ծով, այնուհետև՝ եվրոպական երկրներ:

 

Պիտակ